չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Առողջապահության նախարարը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է

Առողջապահության նախարարը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` ժամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում:

ԱՆ-ն նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնի:

«Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է»,- հայտնում են նախարարությունից:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ հայտնում է, որ ժամը 22:30-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 28 է:

Տուժածներից 21-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով:

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է, մյուս 27-ը գտնվում են հետազոտման փուլում:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները, ըստ Սաղաթելյանի, դիմեցին սադրանքների, նրանց եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, կան բերման ենթարկվածներ ու տուժածներ:

 

  • Կիսվել: