շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առողջապահության նախարարը՝  բուժաշխատողների կորոնավիրուսով վարակվելու, թեստերի քանակի և արտադրության մասին

Առողջապահության նախարարը՝ բուժաշխատողների կորոնավիրուսով վարակվելու, թեստերի քանակի և արտադրության մասին

Անխուսափելի է, որ բուժաշխատողները չվարակվեն։ Այսօր խորհրդարանում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերին։

Նրա խոսքով, կարևոր է վարակված բուժաշխատողների արագ հայտնաբերումը, որպեսզի նրանք այլ բուժաշխատողների, պացիենտների չվարակեն։ «Դրա համար  շատ կարևոր է գիտակցության բարձրացումը: Դեպքեր ենք ունեցել, որ, օրինակ, պացիենտի հետ շփվելիս իրենք ամբողջովին պաշտպանված են եղել, սակայն իրար հետ շփվելիս, իրար հետ ընդմիջում անելիս անպաշտպան են եղել, և այդ ընթացքում վարակում է տեղի ունեցել։ Այսինքն՝ բուժաշխատողների շրջանում վարակման դեպքերը հիմնականում տեղի են ունենում ոչ թե պաշտպանիչ միջոցների բացակայության, այլ դրանց կարևորություն չտալու պատճառով»,- նշեց նա։

Անդրադառնալով քննադատություններին, որ բավականաչափ թեստավորում չի իրականացվում՝  Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։

«Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Իհարկե կան երկրներ, օրինակ, ԱՄԷ-ն, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»,- նշեց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի քանակի խնդիր չկա։

Ըստ Արսեն Թորոսյանի, ռապիդ թեստերի մասով նոր ձեռք բերումներ չեն անում: Եղել են ընդամենը մեկ մեծ՝ 30 հազար հատ ձեռք բերում և փոքր նվիրատվություններ։ Դրանք օգտագործվում են փակ հաստատություններում մեծածավալ սքրինինգների համար:

«ՊՇՌ թեստերի քանակի խնդիր մենք այս պահին չունենք: Մնացորդը այս պահի դրությամբ 70 հազարին մոտ է: Մենք սպասում ենք Չինաստանից ինքնաթիռով վերջին կոմպոնենտի ժամանելուն, որպեսզի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը արտադրի ևս 100 հազար թեստ։ Այսինքն, այս պահի դրությամբ ունեցած թվերով, եթե նոր արտադրությունն էլ բարեհաջող տեղի ունենա, ևս 3-4 ամիս թեստերի խնդիր չի լինի: Սակայն  հնարավոր է, որ թեստավորման ալգորիթմերի մեջ փոփոխություն տեղի ունենա՝ կախված հիվանդների թվաքանակից»,- ասաց նա։

 Նախարարը նշեց՝ կան երկրներ, որ թեթև արտահայտված, սուր շնչառական վարակներով քաղաքացիներին նույնիսկ չեն էլ թեստավորում, այլ պարզապես նրանք մնում են տանն ու բուժվում:

«Կախված թվերից՝ կկողմնորոշվենք  այսօրվա ծախսման տեմպով մեր թեստերը մեզ 6 ամիս կհերիքե՞ն, թե՞ տեմպը փոխելով, օրինակ, ևս մեկ տարի կհերիքեն, թե կհերիքեն 3 ամիս»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, ամբողջ աշխարհում թեստերի արտադրությունը գնալով զարգանում է, նաև առաջանում են թեստավորման նոր մեթոդներ, որոնք գործնականում նույն ճշգրտությունն ունեն, սակայն ավելի արագ են աշխատում: «Մենք այդ ուղղությամբ էլ ենք աշխատում և պատվեր ենք դրել, պարզապես ամերիկյան ընկերության թեստերի մատակարարումների ժամկետը երկար է:  Օրինակ, 5 ժամի փոխարեն նույն ճշգրտությամբ թեստավորումն այդ թեստերով արվում է մոտավորապես 1 ժամում»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: