չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմեն Մելիքբեկյանն ու Վահրամ Դումանյանը քննարկել են ազգային մարզադաշտի կառուցման հարցը

Արմեն Մելիքբեկյանն ու Վահրամ Դումանյանը քննարկել են ազգային մարզադաշտի կառուցման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն պատրաստվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ: ՀՖՖ նախագահը Վահրամ Դումանյանին պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվելու անցկացվելիք միջոցառումներին և առաջարկել է նաև համատեղ ծրագրեր մշակել՝ ի նպաստ սպորտի, մասնավորապես ֆուտբոլի զարգացման:
 
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցի համար շնորհակալություն է հայտնել ՀՖՖ ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է համատեղ համագործակցության. «Եկե՛ք ամրագրենք, որ մենք միասին ենք ու պետք է ամեն ինչ անենք միասին: Պատրաստ ենք աջակցել և մեր ուժերի ներածին չափով օժանդակել՝ ի շահ հայկական ֆուտբոլի: Ամբողջ ազգն է ապրում ֆուտբոլով, ուրախանում մեր ֆուտբոլիստների հաջողություններով և ցավում անհաջողությունների համար»:
 
Ներկայացնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած աշխատանքները՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերջին 1.5 տարում ՀՖՖ-ն Հայաստանի շուրջ 90 գյուղում փոքր դաշտեր է կառուցել. «Այսինքն՝ 90 համայնք ունի ֆուտբոլ խաղալու տեղ: Հատկապես գեղեցիկ է Ծովագյուղի դաշտը, որտեղից անմիջապես երևում է Սևանա լիճը»:

 

ՀՖՖ նախագահի խոսքով՝ ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տեղ է հատկացնում նաև կրթական ծրագրերին, մասնավորապես՝ սպորտային բժշկությանը. «Ընտրվել են մի քանի բժիշկներ, որոնք փետրվարին կմեկնեն Իսպանիա և վերապատրաստում կանցնեն հենց սպորտային բժշկություն մասնագիտացմամբ: Հայաստան վերադառնալուց հետո ՀՖՖ-ն իրենց հետ պայմանագիր կկնքի: Սպորտային բժշկության ճյուղը շատ արագ է զարգանում, սակայն Հայաստանում սպորտային բժիշկները շատ քիչ են»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է քննարկել նաև օտարերկրյա մասնագետներին Հայաստան հրավիրելու և վերապատրաստումը հենց մեր երկրում իրականացնելու տարբերակը:

Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև ֆուտբոլի մասսայականացմանը, ազգային մարզադաշտի կառուցմանը, Հայաստանում առաջին անգամ ֆուտբոլի սիրողական առաջնության անցկացմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: