Արմեն Գրիգորյանը պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց կարող էր պատասխանել «Իմ Քայլ»-ի ցանկացած պատգամավոր․ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցզրույցին։
«Դիտեցի Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը: Ըստ էության Արմեն Գրիգորյանը պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց կարող էր պատասխանել «Իմ Քայլ»-ի ցանկացած պատգամավոր, ընդ որում պատասխանեց այդ խորության և այդ ոճի շրջանակներում:
Բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները ակնկալվում էին անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյայից, մնացին անպատասխան:
Երեսուն տարվա անկախ պետականություն ունեցող երկրի համար սա պարզապես ողբերգություն է: Այդ անձը իր զբաղեցրած պաշտոնի հետ կապ ունի այնքան, որքան Փաշինյանը վարչապետ լինելու, Միրզոյանը՝ ԱԺ նախագահ և այսպես շարունակ»,- գրել է Խաժակյանը: