հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արմավիրի մարզում «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Արմավիրի մարզում «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա.-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում՝ դեպի Էջմիածին տանող հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 86-ամյա Ռաֆիկ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վարորդը նույնպես շտապօգնության հետ մեկնել է հիվանդանոց, որից հետո վերադարձել է դեպքի վայր: Ու մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: