հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արմավիրի դատախազությունը վթարները նվազեցնելուն ուղղված միջնորդագրեր է ներկայացրել

Արմավիրի դատախազությունը վթարները նվազեցնելուն ուղղված միջնորդագրեր է ներկայացրել

Արմավիրի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի տարածքում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ), դրանց նպաստող պատճառների և պայմանների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նմանատիպ դեպքերն ավելացել են 26,3%-ով, իսկ մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման դեպքերը՝ 17,6%-ով:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ վերլուծությունը փաստում է, որ թեև 12.5%-ով ավելացել է վրաերթերի քանակը, սակայն կրկնակի նվազել են դրան արդյունքում մահացած անձանց քանակը։ Թեև շուրջ 9%-ով նվազել է ինքնավթարների քանակը, սակայն մտահոգիչ աճ է արձանագրվել դրանց արդյունքում մահացած անձանց քանակական ցուցանիշում /3-13/։ Արձանագրված ինքնավթարների պատճառները հիմնականում ճանապարհային բարձր արագությամբ երթևեկելն է և/կամ վարորդների ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելը։

Ամենաշատ ՃՏՊ-ները տեղի են ունեցել Վաղարշապատի տարածքում, մասնավորապես՝ «Մ5» միջպետական ճանապարհի Երևան-Արմավիր հատվածում։ Միայն 2019թ. Վաղարշապատի տարածքում արձանագրված 166 ՃՏՊ-ներից 53-ը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհի 12-ից 32-րդ կմ-ի հատվածում։ Դրանց ինտենսիվությունն ավելի է մեծացել հատկապես գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի ժամակաշրջաններում։ Պատճառն այն է, որ ճանապարհահատվածի երկու կողմերում գյուղատնտեսական դաշտային տարածքներ են, որոնք միջպետական ճանապարհի մակարդակից մի քանի մետր ցածր են: Այդ հատվածներից դաշտամիջյան ճանապարհները միջպետական ճանապարհին հատվում են վերէլքով։ Եվ դրանցով, միջպետական ճանապարհով իրար մոտեցող տրանսպորտային միջոցները տեսանելի չեն միմյանց: Բացի այդ, դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը հիշյալ վերէլքը հաղթահարելու համար զագացնում է որոշակի արագություն և միջպետական ճանապարհին հայտնվում է հանկարծակի՝ ստեղծելով վթարային իրադրություն։

«Խնդրահարույց է առանձին միջհամայնքային ճանապարհների հետ հատման խաչմերուկներում երթևեկության անհրաժեշտ նշանների բացակայությունը, ինչի պատճառով հատվող ճանապարհներն ընկալվում են որպես հավասարազոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Չկարգավորվող խաչմերուկները մարզի քաղաքներում նույնպես առաջացնում են նմանօրինակ խնդիրներ:

Որոշ դեպքերում մարզի տարածքում ՃՏՊ-ներին նպաստել է այն հանգամանքը, որ մայրուղիներում հետադարձը թույլատրող ճանապարհային գծանշումները ջնջված են, տեսանելի չեն ավելի երկար տարածությունից: Վարորդները հետադարձի թույլատրման վայրը նկատում են կարճ տարածությունից և որպեսզի բաց չթողնեն հետադարձի հնարավորությունը, կատարում են կտրուկ արգելակում՝ ստեղծելով վթարային իրադրություն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս բազմաթիվ են առանց հաշվառման համարանիշների, այսինքն հաշվառումից հանված, սակայն չխոտանված տրանսպորտային միջոցների երթևեկությանը մասնակից դառնալու դեպքերը։ Այդպիսի տրանսպորտային միջոցները, որոնք տարիներ շարունակ չեն անցնում պարտադիր տեխզննում, հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Դրանք լուրջ անսարքություններ ունենալով՝ հաճախ հայտնվում են երթևեկության բարձր ինտանսիվություն ունեցող ճանապարհներին և ստեղծում վթարային իրավիճակներ։

Ուսումնասիրության արդյունքներով ՃՏՀ-ներին նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով Արմավիրի մարզի դատախազությունը, ըստ իրավասության շրջանակների, միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի մարզպետին, Արմավիրի քաղաքապետին, Ոստիկանության Արմավիրի վարչությանը, ՃՈ մարզային ստարաբաժանմանը:

Միջնորդագրերով խնդիր է դրվել բարձրացված վերոնշյալ հարցերը ներառել ճանապարհների սպասարկման ծրագրերոով նախատեսվող միջոցառումներում, միջոցներ ձեռնարկել միջպետական ճանապարհների հետ հատվող ճանապարհային գոտիներում վերէլքով հատումները, դաշտերից դուրս բերող և միջպետական մայրուղու հետ հատվող ճանապարհների քանակը հնարավորինս նվազեցնելու, միջպետական ճանապարհի հետ հատվող, գյուղեր տանող ճանապարհները երկրորային երթևեկության նշաններով կահավորելու ուղղությամբ: Իրավասու մարմիններին առաջարկվել է նաև ձեռնարկել գործուն միջոցներ հետադարձերը թույլատրող հորիզոնական գծանումները թարմացնելու, ավելի երկար տարածությունից նկատելի դարձնելու ուղղությամբ, քաղաքային ճանապարհների՝ առավել հաճախ տեղի ունեցող վթարների կոնկրետ մատնանշված հատվածներում ոստիկանության շրջիկ ծառայություններն ուժեղացնելու, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման շրջաններում պարբերաբար տարբեր համայնքներ ստուգայցեր իրականացնելու և հաշվառումներից դուրս մնացած, սակայն շահագործվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելու, դրանցով վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: