հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Առևտրի ժամանակ և ավտոմեքենաներում պետք է լինել դիմակով․ վարչապետ

Առևտրի ժամանակ և ավտոմեքենաներում պետք է լինել դիմակով․ վարչապետ

Դեպքերի նման զարգացումը կանխատեսելի էր, և պարետատան սահմանած անվտանգության կանոնները պահպանելու դեպքում վարակվելու դեպքերի նման աճ չէր լինի։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի նոր բռնկման և դրա պատճառների մասին։ 

«Ընտրության հարց էր։ Հասկացանք, որ մենք տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ»,- նշեց նա և  հավելեց, որ փորձ է արվել գնալ այնպիսի ճանապարհով, որ տնտեսական և առողջապահական հարցերը հավասարակշռվեն։ 

Ըստ Փաշինյանի՝ որոշում է կայացվել, որ կանոնների կատարման առումով խստագույն հսկողություն կսահմանվի ձեռնարկությունների նկատմամբ, և պատժողական քաղաքականությունը կզուգակցվի բացատրական աշխատանքների հետ։ Նա նաև ընդգծեց՝ կողմ է, որ կանոնները երկրորդ անգամ խախտած ձեռնարկությունները փակվեն ոչ թե մեկ օրով, այլ մեկ ամսով։

Վարչապետը նաև նշեց, որ դիմակ կրելու ուսումնադիորւթյան արդյունքում պարզվել է, որ  դիմակի կրելու կարգապահությունը հնարավորություն կտա զրոյացնել վարակվելը՝ դիմակի որակը և դիմակ կրելու որակն ապահովելու դեպքում։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված պարետատունն ամեն օր նիստ է անցկացնում, իսկ այսօրվա նիստին ընդունել են մի քանի որոշում։

«Անկախ վայրից, առևտրի բոլոր մասնակիցները՝  և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է դիմակով լինեն, և այդ կանոնը խախտելու դեպքում վարչական պատասխանատվությունը խիստ է լինելու»,- ասաց վարչապետը՝ ներկայացնելով պարետատան որոշումները։

Երկրորդ որոշուման համաձայն՝ ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պետք է լինեն դիմակով։

Վարչապետը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար խիստ կարևորում է քաղաքացիների ցուցաբերած բարձր գիտակցությունը։ «Մենք կկիրառենք խստագույն վարչական միջոցներ, բայց մեր խնդրանքն ու հավատն է, որ ՀՀ քաղաքացին, որ բազմիցս ապացուցել է իր բարձր գիտակցությունը, այս իրավիճակում ևս կցուցաբերի բարձր գիտակցություն»,- ասաց նա։

 

 

  • Կիսվել: