ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են ԱԺ

Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են ԱԺ

«Երկրի զարգացման եւ հզորացման համար պետք է շատ աշխատել։ Բայց այդ աշխատանքում կարեւորը ոչ թե ծախսած ժամանակն է, այլ խելամտությունը, որի շնորհիվ կարող ես անիրականանալին դարձնել իրական»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, տեղեկանում ենք ԱԺ ֆեյսբուքյան էջից։

«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը։

Խոսելով ներկայումս տեղեկատվության տարածման եւ վերջինիս որակի մասին՝ պատգամավորը կարեւորել է մեդիագրագիտության տարրական գիտելիքների իմացությունը եւ շեշտել, որ յուրաքանչյուր տեղեկատվություն ստանալուց առաջ պետք է այն լիովին ըմբռնել եւ բոլոր տեսանկյուններից ուսումնասիրել։ 
Արման Եղոյանը շեշտել է լավ սովորելու եւ օտար լեզուներ ուսումնասիրելու կարեւորությունը, քանի որ դրանք են գիտելիքի աղբյուրը։

Աշակերտները հետաքրքրվել են բուհերի խոշորացման վերաբերյալ հարցով, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանը պետք է ձգտի համաշխարհային բուհերի նվազագույն պահանջներին, ուստի կրթության զարգացման համար արվում են քայլեր, որոնցից մեկը նաեւ բուհերի խոշորացումն է։ 

Արման Եղոյանը պատասխանել է մեր երկրի ներքին զարգացմանը վերաբերող հարցերին՝ նշելով՝ շատ կարեւոր է, որ ամեն ոք փորձի գեթ մեկ քայլ, փոփոխություն անել, եւ հորդորել է աշակերտներին հավատալ իրենց ուժերին ու դրական փոփոխություններ կերտողներից մեկը դառնալ։ 

 

Հանդիպման ընթացքում աշակերտները պատգամավորների հետ խոսել են մշակույթի պահպանման, քաղաքացու դերի կարեւորության, գինեգործության զարգացման մասին։

  • Կիսվել: