երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի 74-ամյա Լարիսա Գաբրիելյանը ծնունդից մեկ օր անց ստիպված է եղել լքել իր տունը

Արցախցի 74-ամյա Լարիսա Գաբրիելյանը ծնունդից մեկ օր անց ստիպված է եղել լքել իր տունը

Արցախցի 74-ամյա Լարիսա Գաբրիելյանը ծնունդից մեկ օր անց ստիպված է եղել լքել իր տունը 

Սեպտեմբերի 18-ին Լարիսա Գաբրիելյանը դարձավ 74 տարեկան, իսկ հաջորդ օրը նա ստիպված էր լքել Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում գտնվող իր տունը:

Արացխի երեք պատերազմները վերապրած կինը խոստովանել է, որ հենց վերջինն է եղել ամենադաժանը, թեեւ առաջին պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն:

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Սառնաղբյուր գյուղն ամբողջությամբ ավերվել է։ Լարիսա Գաբրիելյանը հստակ հիշում է այդ ողբերգական օրվա իրադարձությունները։

«Առավոտյան լսեցինք մի քանի պայթյունների ձայներ, հետո նստեցինք ճաշելու, իսկ հետո նորից լսվեցին կրակոցների ձայներ, որոնք աստիճանաբար սկսեցին ուժեղանալ։ Սկզբում թաքնվեցին լոգարանում, որտեղ թվում էր, թե համեմատաբար անվտանգ է։ Բայց քիչ անց տունը սկսեց ցնցվել հարվածից։ Դրանից հետո որդիս առաջարկեց լքել տունը, գնալ գյուղապետարանի շենք։  Տղաս գնաց մի ճանապարհով, իսկ մենք ՝ մյուսով։  Որդիս, որը մեկ այլ ճանապարհով է գնացել, մեկ այլ տղայի հետ հայտնաբերել է վիրավոր զինվորներին»,-պատմում է կինը։

Գյուղապետը վիրավորներին տարհանել է խաղաղապահների մոտ, իսկ հետո վերադարձել է բնակիչներին տարհանելու համար, սակայն բոլորին նույն մեքենայով դուրս բերել չի կարողացել:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն օրերս հայտնել էր, որ փոքր գյուղում բնակվող 76 մարդուց 5-ը սպանվել է, եւս 15 բնակիչ վիրավորվել է, իսկ 4-ը՝ գերեվարվել։ Հինգ սպանվածներից երեքը երեխաներ են՝  Դավիթ Ալեքսանյանը եւ եղբայրներ Միքայել եւ նվեր Ղազարյանները: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ երկու եղբայրների հուղարկավորությունը: Դավիթին հուղարկավորել էին մի քանի օր առաջ։

Լարիսա Գաբրիելյանի վեց հոգանոց ընտանիքը բնակություն է հաստատել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում:

Կինը համակված է անորոշության զգացումով, նա չգիտի, թե ինչ ապագա է սպասում իր ընտանիքին, որը հայրենի գյուղում թողել է տուն, մեքենա, տրակտոր, սերմնացան եւ այլ ունեցվածք:

«Պատրաստվում էի ամուսնացնել թոռներիս, օժիտը պատրաստ էր։ Հնարավո՞ր է ապրել կենդանիների հետ: Հայրենիք չկա, պրծալ ա հայրենիքը,  այլապես մենք այնտեղ կլինեինք»,-փաստում է Լարիսա Գաբրիելյանը։ 

  • Կիսվել: