Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում մասնակցել է Հայաստանում Ֆիլատելիստական և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը:
Արայիկ Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահը, միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով և շնորհավորել հոբելյանի առթիվ: Մասնավորապես՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ պետությունը պետք է այս ոլորտին մեծ ուշադրություն դարձնի՝ արձանագրելով, որ անկախությունից ի վեր մինչև վերջին տարիները ֆիլատելիան նահանջ է ապրել և չի ունեցել այն ակտիվությունն ու դերակատարումը, ինչ ուներ 80-ական թվականներին:
Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև նամականիշի մարում: «Հայփոստ» ընկերությունը շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (Ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային: 380 դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի վրա պատկերված են խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, ինչպես նաև «100-ամյակ», «Ֆիլանում» և «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:



