Արայիկ Հարությունյանի հրաժարականի հիմքեր չկան. Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը չի կարծում, թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար հյիմքեր կան:
«Հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում», -PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփյանը:
Նրա խոսքով, եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն երկխոսության միջոցով, իսկ նախարարն ու նախարարությունը միշտ են բաց եղել երկխոսությունների համար:
Պատգամավորի պնդմամբ, հատկապես արդար չէ, երբ դաշնակցականներն են պահանջում նախարարի հրաժարականը: «Արդար չէ, ավելին, անթույլատրելի է նման վարքագիծը։ Մենք՝ կրթության ոլորտի փորձագետներս, գիտենք, որ Դաշնակցության անդամ Լևոն Մկրտչյանը նախկինում երկար տարիներ ու պարբերաբար ղեկավարել է ոլորտը։ Մի հատ թող հետ գնա ու տեսնի, թե իր ղեկավարման տարիներին ինչպիսի կորուստներ ենք ունեցել կրթության ոլորտում։ Առհասարակ, մեր կրթությունը տարիներ շարունակ ունեցել է կորուստներ ու չկան ձեռքբերումներ։ Բոլոր դպրոցները, հատկապես մարզային շրջաններում, հանրապետականների ու դաշնակցականների մեջ էր բաժանվել», -ասաց պատգամավորը։