ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Առավոտ»․ Առանց զանգվածային պատվաստումների համաշխարհային ճգնաժամը չի հանգուցալուծվի

«Առավոտ»․ Առանց զանգվածային պատվաստումների համաշխարհային ճգնաժամը չի հանգուցալուծվի

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Աշխարհում կարծես թե մրցապայքար է սկսվել, թե ով առաջինը կհայտարարի, որ կարողացել է ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և/կամ դեղամիջոցը: Նման հայտարարությունները մասամբ արվում են նաև ազնիվ նպատակով՝ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց ցույց տալու համար, որ թունելի վերջում լույսի նման ինչ-որ մի բան է երևում: Մասամբ, իհարկե, կա գովազդային բաղադրիչը՝ այսինչ դեղագործական ընկերությունն այնքան բարձր գիտական ներուժ ունի և այնքան արդյունավետ է աշխատում, որ կարողանում է լուծել մարդկությանն այսօր հուզող ամենահրատապ խնդիրը:

Եվ բնական է նաև, որ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմինների «հեղինակ» ընկերությունն աստղաբաշխական շահույթներ կստանա, քանի որ անհրաժեշտ են լինելու միլիոնավոր (եթե ոչ միլիարդավոր) չափաբաժիններ: Իրենց հաջողությունների մասին պարբերաբար հայտնում են Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Բրիտանիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի գիտնականները: Քանի որ նրանք հեղինակավոր ընկերություններ են ներկայացնում, դժվար թե կասկածներ առաջանան, թե այդ գիտնականները միտումնավոր ցանկանում են մոլորեցնել մարդկությանը: (Թերևս բացառված չէ, որ երբեմն ճոխացնում են իրենց աշխատանքի արդյունքները): Որքան հասկանում եմ, խոսքը արյան պլազմայի սպիտակուցների մասին է, որոնք հանդես են գալիս որպես վիրուսը ճնշող, նրա՝ առողջ բջիջների ներթափանցումը խոչընդոտող հակամարմիններ: Այդ սպիտակուցները կարող են ստացվել թե՛ հիվանդացած-առողջացած մարդու արյունից առանձնացնելով և թե՛ արհեստական սինթեզի միջոցով: Գրելն, ինչ խոսք, հեշտ է՝ իրական արդյունավետ հակամարմիններ ստանալը՝ տիտանական և չափազանց ծախսատար աշխատանք: Վստահ եմ, որ, ի վերջո, գիտությունը կլուծի այդ խնդիրը:

Միայն թե մարդիկ պետք է հասկանան, որ դա խմորի բաղադրատոմս չի, որով կարելի է վաղը մեկ միլիարդ կարկանդակ թխել: Դեղամիջոցի կամ պատվաստանյութի զանգվածային արտադրությունն ունի որոշակի փուլեր, որոնք, հաշվի առնելով հարցի ծայրահեղ հրատապությունը, հնարավոր է արագացնել, բայց անհնարին է շրջանցել: Եթե անգամ պատվաստանյութն ի վիճակի է կանգնեցնել վարակը մկների մոտ, ինչպես որ վերջերս հայտարարել են իտալացիները, դա չի նշանակում, որ այն արդյունավետ ու անվնաս է մարդկանց համար: Այդ փորձարկումները սկսելու համար անհրաժեշտ է անցնել բավականին բարդ ընթացակարգ (այլ կերպ չի էլ կարող լինել՝ մարդու առողջությունը փորձադաշտ չէ):

Որոշ տեղերում փորձարկումներն արդեն սկսվել են, բայց հիմնականում ընկերությունները հայտարարում են, որ դեղամիջոցների անվտանգությունը ստուգելուց և դրական արդյունք ստանալուց հետո լայնամասշտաբ փորձարկումները սկսվելու են ամենաշուտը հուլիսից և տևելու են ամիսներ: Այնպես որ, եկեք այս անգամ հավատանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավատեսությանը և հույս ունենանք, որ մինչև տարվա վերջ սկսվելու են զանգվածային պատվաստումները: Մի բան պարզ է՝ առանց դրա համաշխարհային ճգնաժամը չի հանգուցալուծվի»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: