երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Արարատի մարզում զորամասի հրամանատարի տեղակալը վրաերթի է ենթարկել հեծանվորդին, դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել «Hyundai Elantra»-ին և հայտնվել դաշտում․ կա 5 վիրավոր

Արարատի մարզում զորամասի հրամանատարի տեղակալը վրաերթի է ենթարկել հեծանվորդին, դուրս եկել հանդիպակաց գոտի, բախվել «Hyundai Elantra»-ին և հայտնվել դաշտում․ կա 5 վիրավոր

Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններոմ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող «Hyundai Elantra»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանը, պարեկներն ու Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարեն Կարապետյանը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Թելման Գյոլչյանն ու Ռաֆիկ Գրիգորյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ։ 

Վրաերթ-վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Fusion»-ը վարել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը։

Վարոդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

  • Կիսվել: