երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արարատ Միրզոյանն ու Էդգար Պենյա Պառան անդրադարձել են Ադրբեջանին անցած տարածքներում Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության խնդրին

Արարատ Միրզոյանն ու Էդգար Պենյա Պառան անդրադարձել են Ադրբեջանին անցած տարածքներում Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության խնդրին

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-վատիկանյան՝ ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված միջպետական համագործակցության զարգացման դրական դինամիկան, ինչի վառ ապացույցն են բարձր մակարդակի փոխայցելությունները և շփումները: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: 

Էդգար Պենյա Պառան նաև վատիկանյան կողմի պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը բազմաբնույթ հարցերի, այդ թվում՝ կրոնական ազատության, մարդկային կյանքի արժանապատվության պաշտպանության շուրջ։

Նախարար Միրզոյանը երախտագիտությամբ նշել է, որ Սուրբ Աթոռը մշտապես սատարել է հայ ժողովրդին դժվարին ժամանակներում։  Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սրբազան քահանայապետի հղած ուղերձների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերի կարևորությունը: Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։ Արարատ Միրզոյանը կարևորել է համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ համամարդկային մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունների դեպքերը կանխելու ուղղությամբ։

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան մասնակցել են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը։ 

Արարողությանը հաջորդել է Արարատ Միրզոյանի և  Էդգար Պենյա Պառայի մամուլի համար համատեղ հայտարարությունը

Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությունը

Այցի օրն առավոտյան՝ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ 

  • Կիսվել: