չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, հանդիպման ընթացքում տեսակետների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկված հետևյալ կետերի շուրջ.

ա) Միջեկեղեցական հարաբերությունների առավել ծավալումը ու հարաբերությունը գործակցության վերածելու հրամայականը:

բ) Սուրբ Հարության տոնը բոլոր եկեղեցիների կողմից միասնաբար նույն թվականին նշելու հարցը:

գ) Երրորդ Վատիկանի ժողով գումարելու անհրաժեշտությունը՝ գործուն ներկայությամբ ոչ կաթոլիկ եկեղեցիների:

դ) Լիբանանում քրիստոնյա-իսլամ համակեցության ամրապնդումը և նոր նախագահի ընտրությունը:

ե) Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը:

զ) Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ։ 

  • Կիսվել: