ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոմպրոմիս չի լինելու. կազատվենք կանոնները չպահպանող մանկապարտեզների աշխատակիցներից. փոխքաղաքապետ

Կոմպրոմիս չի լինելու. կազատվենք կանոնները չպահպանող մանկապարտեզների աշխատակիցներից. փոխքաղաքապետ

Երևանում մանկապարտեզները բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով: Այս մասին այսօր  տեղի ունեցած ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Նրա խոսքով, իրենք առաջնահերթություն են տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում երեխայի խնամքն իրականացնել տանը։

«Այսինքն, առաջնահերթություն են ունենալու մանկապարտեզ գնալու այն երեխաները, որոնց ծնողները աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ անապահով ընտանիքի երեխաներ են։ Սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնցով պետք է առաջնորդվենք»,- ասաց նա։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ շուրջ 61 հազար ծնողների շրջանում հարցում է արվել և նրանցից մոտ 11 հազարը գտնվում է այս կարգավիճակում, և  ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ:

Տիգրան Վիրաբյանը ներկայացրեց սահմանված կանոնները, որոնցով աշխատելու են մանկապարտեզները։

Ըստ նրա, մշակվել են անվտանգության բոլոր կանոնները՝ սկսած մանկապարտեզների բակային տարածքների նշագրումից:

«Բացառում ենք ծնողների մուտքը մանկապարտեզ: Երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում, և համոզվելով, որ չունի ջերմություն, երեխային ընդունում են մանկապարտեզ»,- ասաց փոխքաղաքապետը՝ կոչ անելով ծնողներին համբերատար կերպով պահել հեռավորություն պահպանելու կանոնները:

Նշվեց նաև, որ օրվա ընթացքում ևս ջերմաչափում է իրականացվում, եթե խնդիր է լինում, ծնողներին խնդրում են հաջորդ օրը երեխային չտանել մանկապարտեզ:

«Խմբերում լինելու են 8-10 հոգի: Մանկապարտեզում հրաժարվելու ենք այն խաղատեսակներից ու խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ: Հրաժարվելու ենք այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում»,- ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:

Նաև նաև հայտնեց, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցների 20-22%-ը աշխատանքի չեն գնալու, բայց կվճարվեն ամբողջությամբ՝ ինչպես վճարվել են, իսկ նրանց փոխարինելու են գործընկերները. «Այդ աշխատանքներն արդեն իրականացրել ենք: Մենք այսօր խորհրդակցություն ենք ունեցել հստակ հանձնարարականներ են տրվել»:

Նա միաժամանակ ասաց, որ այն աշխատակիցները, որոնք իրենց կամքով չեն ցանկանա աշխատել, չեն վճարվի, իսկ որոնք այս պայմաններում կգան աշխատանքի 100 տոկոսով կվճարվեն և իրենք կփորձեն գտնել տարբերակներ լրացուցիչ խրախուսումների համար:

Ինչ վերաբերում է սննդին,փոխքաղաքապետն նշեց, որ նույն կերպ է իրականացվելու, ինչպես նախկինում, սակայն որոշակի սննդատեսակների դեպքում փաթեթավորման փոփոխություն է արվել:

Տիգրան Վիրաբյանն ասաց, որ մատակարարների հետ քննարկումներ են եղել և նոր ձևաչափ է մշակվել։

«Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է մեկ ամսվա համար 160 հազարից ավելի դիմակներ և մի քանի հազար լիտր ալկոգել:  Բոլոր աշխատակիցները պարտավոր են խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։ Այո, սա մեզ համար փորձություն է, պետք է կարողանանք հաղթահարել այն: Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի կանոններին, կվտանգեն երեխաների ու նրանց ընտանիքների կյանքերը, այդ աշխատակիցներից մենք շատ արագ կազատվենք, նրանք կմաքրվեն»,- ասաց փոխքաղաքապետը։

Ըսս Վիրաբյանի, նրանց հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու:

  • Կիսվել: