Առաջին ալիքը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել միջազգային հարցումներով. Հովհաննես Մովսիսյանն ամփոփել է պաշտոնավարման նախորդ երեք տարիները
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ ամփոփել է պաշտոնավարման երեք տարին:
«Ուղիղ 3 տարի է, ինչ ստանձնել եմ Հանրային հեռուստաընկերության ղեկավարումը: Այս գրառմամբ ցանկանում եմ առանձնացնել ամենակարևոր 10 ձեռքբերումներն ու շնորհակալություն հայտնել Առաջինի մեծ թիմին.
- Այս տարի առաջին անգամ ացնկացվեց Հանրայինի նախաձեռնած մարզային մեծ փառատոնը: «Ֆեստիվառին» ընդհանուր առմամբ մասնակցեց 50 հազարից ավելի մարդ:
- 2022 թ. Հայաստանում անցկացվեց 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որը Հայաստանի, ինչպես նաև մրցույթի պատմության մեջ իր մասշտաբներով աննախադեպ էր:
- Հանրայինում խոշոր ներդրումներ են կատարվել տեխնիկական վերազինման ուղղությամբ: 2023 թ. ավարտվեց Հեռուստաընկերության հիմնական և ամենամեծ նկարահանման տաղավարի՝ Առաջին ստուդիայի թվայնացման գործընթացը:
- Գործնական փուլ են մտել Հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները. 2023թ. ստորագրված հայ-չինական փաստաթղթերով ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում է իրականացվելու:
- Հեռուստաընկերությունում մեկնարկել են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ, որի արդյունքում հարյուրավոր քառակուսի մետրերով բարելավվում և ընդլայնվում են աշխատանքային տարածքները:
- 2021 թ․-ին հիմնադրվեց Առաջինի լրատվական ալիքը, որն այսօր շուկայում ամենադիտվող հեռուստաընկերություններից է:
- 2021թ-ին հիմադրված Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան մինչ այս պահը ավարտել է 200-ից ավելի ուսանող, որոնցից շուրջ 40-ն այսօր մեր գործընկերներն են Հանրայինում: Այս աշնանը ԵՊՀ-ի հետ համատեղ մեկնարկեց մագիստրոսական հատուկ ծրագիր՝ «Հեռուստատեսային գործ» մասնագիտացմամբ, որը ոլորտի համար նոր կադրեր է պատրաստում:
- Վերջին 3 տարիներին սեփական արտադրության ծավալն աճել է 200%-ով, իսկ ընդհանուր եթերացանցում եղած հաղորդումների քանակը՝ 100%-ով. նույն ռեսուրսով ավելի շատ արտադրանք ենք թողարկում։
- Առաջին ալիքը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել միջազգային հարցումներով. հեղինակավոր ինստիտուտների անցկացրած հետազոտությունների արդյունքում Հանրայինը վերջին 3 տարիներին անընդմեջ ճանաչվում է տեղեկատվություն ստանալու ամենավստահելի լրատվամիջոց:
- Հանրայինը վերջին երեք տարում բարելավել է վարկանիշը 3 կետով՝ բարձրանալով 2-րդ և 1-ին հորիզոնականներ»,- գրել է նա։