ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջիկա օրերին պետք է խմել 2,5-3 լիտր ջուր, օգտագործել թան. Նունե Բակունց

Առաջիկա օրերին պետք է խմել 2,5-3 լիտր ջուր, օգտագործել թան. Նունե Բակունց

Շոգին օրգանիզմը ջրազրկվում է՝ դրա հետ կորցնելով աղեր և սպիտակուցներ: Ուստի առաջիկա օրերին պետք է խմել առնվազն 2,5-3 լիտր ջուր: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ գազավորված ջրի մասին է:

«Այլ ըմպելիքներից խուրհուրդ ենք տալիս օգտագործել մեր ավանդական թանը, որովհետև այն համարյա իդեալական լրացնում է մեր օրգանիզմի՝ հեղուկի, սպիտակուցի և աղերի կորուստը:

Կոֆեին պարունակող խմիչքները և ըմպելիքները առաջարկում ենք պակասեցնել հնարավորինս, որովհետև դրանք, չնայած կարճատև թարմացնող էֆեկտ ունեն, այնուամենայնիվ, հյուծում են օրգանիզմը, իսկ շաքար պարունակող ըմպելիքներն ավելի վատացնում են, ծանրացնում են ջրազրկումը»,- ասաց Նունե Բակունցը:

Ըստ մասնագետի՝ ջրի քանակը պետք է ավելացնեն նաև սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներն ու հղիները, իհարկե, բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Իսկ մշտական բժշկական օգնություն ունեցող մարդիկ՝ ամեն օր դեղ խմողները, չպետք է խախտեն նշանակված դեղերն ընդունելը, իսկ խախտումների դեպքում չզբաղվեն ինքնաբուժությամբ:

Մինչև օգոստոսի 13-ը ամենաշոգ ժամերը կլինեն 12:00-ից երեկոյան 18:00-19:00-ն: Ու քանի որ այդ ժամերին ուլտրամանուշակագույն ճառագայթումն առավել ուժեղ է լինում, խորհուրդ է տրվում չլինել դրսում կամ չլինել արևի ուղիղ ճառագայթների տակ: Հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում այդ ժամերին նույնիսկ ստվերում չլինել, իսկ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում պառկած անցկացնել, քանի որ պառկած վիճակում հեշտ է պահպանել օրգանիզմի ջերմային բալանսը:

Եթե այդ ժամերին ստիպված պետք է դրսում լինեք, պետք է կրել արևային ակնոց, լայնեզր գլխարկ, հովանոց, բաց գույնի բնական կտորներից ազատ հագուստ:

Եթե վերոնշյալ օրերին պետք է լինեք բնության գրկում, ապա խորհուրդ է տրվում խմել շատ ջուր, հաճախ լվանալ ձեռքերը, եթե հնարավոր չէ, ապա ախտահանիչ միջոցներ օգտագործել: Պետք է օգտագործել դյուրամարս սնունդ, հիմնականում՝ բանջարեղենային, միրգ-բանջարեղենը չլվանալ անհայտ ջրում, հում մթերքը պահել եփածից առանձին:

Նունե Բակունցը նաև հորդորեց, որ այդ ժամերին դրսում սպասելիս մեքենաների ներսում չմնալ, երեխաներին ևս չթողնել մեքենաներում:

  • Կիսվել: