Առաջարկվում է թերլիցքավորումներ արած լցակայաններում փակցնել ցուցանակ. նոր նախագիծ
Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը հեղինակել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Առևտրի եև ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ, որը քննարկվում է ԱԺ-ում:
Ըստ նախագծի՝ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար:
Ցուցանակը փակցվելու է մեկ ամիս ժամկետով, և այն դիտավորությամբ հեռացնելը նույնպես տուգանման ենթակա արարք է: Պոկված ցուցանակը հայտնաբերվելու օրվանից այն դարձյալ փակցվելու է ևս մեկ ամիս ժամկետով:
Նշենք, որ գործող կարգավորումով՝ թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Առաջարկվել է համաչափության սկզբունք ներդնել. տուգանք սահմանել ֆիքսված 200 հազար դրամ և տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափով:


