Արագածոտնի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «GAZ 3110»-ը. կան 2 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 78 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովսեփ Սարդարյանն ու Կարեն Թարզյանը:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


