հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արագածի լանջին 350 մլն դոլարի ներդրում առաջարկած ընկերությունը 1.5 տարուց ավելի է` սպասում է կառավարության վերջնական որոշմանը

Արագածի լանջին 350 մլն դոլարի ներդրում առաջարկած ընկերությունը 1.5 տարուց ավելի է` սպասում է կառավարության վերջնական որոշմանը

Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ ավելի քան 1.5 տարի առաջ կնքված առաջին հուշագրից հետո «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությունը դեռ սպասում է կառավարության վերջնական որոշմանը իրենց առաջարկած խոշոր՝ շուրջ 350 միլիոն դոլարի ներդրումային ծրագրի շուրջ։

Այս ընկերության խորհրդի անդամ, ֆրանսիական Société des 3 Vallées ընկերության տնօրեն Պասկալ դը Տիերսանթը վերջերս նամակ է գրել Հայաստանի վարչապետին՝ խնդրելով մի փոքր շտապել։

«Ես նամակ գրեցի վարչապետին՝ արագացնելու նախագիծը: Նա ուղիղ ինձ չի պատասխանել, բայց ես գիտեմ, որ կառավարությունում արդեն որոշակի շարժ կա, և նրանք պատրաստվում են ընդունել կառավարության որոշում, միայն դրանից հետո կկարողանանք անցնել հաջորդ փուլին, որը ողջ հանգստյան գոտու գլխավոր նախագծի մշակումն է: Այժմ ունենք միայն լեռնադահուկային գոտու նախագիծը, պետք է սկսենք ամբողջ տարածքի նախագծումը», - «Ազատությանն» ասաց նա։

Ընկերությունն արդեն մեծ աշխատանք է արել՝ նախագծելով լեռնադահուկային գոտին, ֆրանսիացի մասնագետների մի քանի խմբեր տարբեր սեզոնների այցելել են Արագած, դահուկներով իջել են Արագածի փեշերով, ուսումնասիրություններ ու չափագրումներ արել` արդյունքում ստեղծելով նախագիծը։ Ըստ առաջարկի՝ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերություններ, որոնք կառուցել են Ալպերի հայտնի դահուկային համալիրները, համատեղ կստեղծեն 4 սեզոնի համար նախատեսված հանգստավայր Արագածի հարավային գագաթին՝ սահելու համար մոտ 80 ուղիներով և ընդհանուր ավելի քան 120 կմ դահուկուղիների երկարությամբ։ Տարածքում կլինեն նաև ոչ լեռնային սպորտաձևերի, ժամանցի, տեսարաններով հիանալու գոտիներ, ռեստորաններ և այլն։ Կգործի նաև ձնարտադրման համակարգ։

Պասկալ դը Տիերսանթի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արագածում արևային օրերը շատ են, գրեթե նույնքան որքան ֆրանսիական Ալպերում, ինչն էլ պատճառ է հանդիսացել Արագածն ընտրել որպես դահուկով սահելու հարմար վայր։

«Արագածը շատ հարմար է դահուկային հանգստավայրի համար, ամենալավ տեղն է, մոտ է Երևանին, բարձադիր է, ինչը մեզ պետք է նման երկարաժամկետ կառուցապատման համար, այն կատարյալ է», - նշում է Պասկալ դը Տիերսանթը։

Կառուցման առաջին փուլը տևելու է մոտ 3 տարի, ընդհանուր համալիրի կառուցումը՝ 10 տարի, իսկ ներդրումները կկազմեն 350 միլիոն դոլար: Գլխավոր ներդրողը ծագումով հայ, ռուսաստանցի գործարար Նիկոլայ Սարկիսովն է, սակայն կներգրավվեն նաև այլ ներդրումներ։

Պասկալ դը Տիերսանթն ասում է՝ կառուցումից հետո այդպիսի համալիր տարածաշրջանում չի լինի՝ և՛ չափսերով, և՛ կառուցապատման ու անվտանգության բարձր չափանիշներով. «Լեռան վրա կարող ենք աշխատել արդեն միայն հաջորդ տարվա ապրիլին, կարող ենք աշխատել միայն տաք ամիսներին։ Ամեն ինչ շատ ժամանակատար է, ենթակառուցվածքների հարցերը պետք է քննարկենք Հայաստանի կառավարության հետ՝ ճանապարհների, ջրամատակարարման և այլ հարցեր կան։ Հաջորդ փուլերում ներգրավելու ենք ֆրանսիական հայտնի ընկերություններ, ինչպես «Պոման» և Ֆրանսիական դահուկային դպրոցը: Այս ամենը անելուց հետո կկարողանանք աշխատել տեղում»։

Հայաստանի իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում առաջարկված նախագիծը քննարկվում է այս տարվա մայիսից, ներկայացված է կառավարության որոշման նախագիծ, սակայն գործադիրից առայժմ պատասխան չկա՝ ի վերջո ընդունվելո՞ւ է նախագիծը, թե՞ ոչ։ Հայտնում են, որ արևմտյան երկրների դեսպաններից մեկը այս առիթով նկատել է, որ նման ներդրումային ծրագրերը, օրինակ` հարևան Վրաստանում, կառավարության կողմից շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում։

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց, որ նախագծի մասին տեղյակ է։ Արագածի փեշերի վերաբերյալ այլ ներդրումային առաջարկ ևս ունեն, քննարկում են, թե որն ընդունեն. «Հենց Արագածի լանջին իրար հետ մրցակցող երկու նախագծեր, որոնց վերաբերյալ մրցույթ է անցկացվել, որպեսզի պարզեն` այդ նախագծերից որն է ավելի նախընտրելի, և այդ մրցույթի արդյունքները հաղորդվել են արդեն վարչապետի աշխատակազմ, և վերջնական որոշումը շուտով կընդունվի», - հավաստիացրեց նախարարը:

 

 
 

  • Կիսվել: