հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է. Փաշինյանը՝ Արագածավանում

Ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է. Փաշինյանը՝ Արագածավանում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածավանում հայտարարեց, որ համայնք գալիս մտածել է՝ գուցե Աստված երես է թեքել մեզնից, այնպես ինչպես գրված է 12-րդ սաղմոսում։

«12-րդ Սաղմոսում ասվում է՝ «մինչև երբ, տեր, պիտի մոռանաս մեզ իսպառ, մինչև երբ պիտի շրջես երեսդ մեզանից, բայց ինչո՞ւ»։ Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասեմ, ժողովուրդ։ Մենք դրախտում ենք ապրում։ Բայց մենք ի վիճակի չենք եղել ու չենք մինչև այսօր մեր դրախտը վայելել, սա, իրականում, ավետյաց երկիր է։ Սա իրականում ավետյաց երկիր է», – ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, թե ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է։

«Մենք, ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը դրախտ դարձնել, մենք, ապրելով մեծ երկրում, չենք նկատել, որ ապրում ենք մեծ երկրում», – ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե այս ընթացքում հայտնի ուժերն ուզում էին խլել իշխանությունը, բայց իրենք իշխանությունն ամեն գնով պահել են։

«Ոչ թե մեզ համար, այլ պահել ենք ձեզ համար», – արագածոտցիներին վստահեցրեց Փաշինյանը։

Նշենք սակայն, որ  «Ով Տէր, ա մինչեւ ե՞րբ կ’մոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո երեսն ինձանից» տողերը 13-րդ սաղմոսից են։

  • Կիսվել: