երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ապօրինի ծառահատումներ Լոռիում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումները տեսանյութ

Ապօրինի ծառահատումներ Լոռիում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումները տեսանյութ

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին:

Մարտի 14-ին ոստիկանները Վահագնաձոր գյուղում շրջայցի ժամանակ նկատել էին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որից ոչ հեռու բեռնաթափված փայտանյութ կար։

Մեքենայի վարորդը, որ Վանաձոր քաղաքի բնակիչ է, վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։

Մեքենան, վառելափայտով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ երկու օր անց ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:

Տեղեկություններ էին ստացվել, որ «Վանաձոր» անտառտնտեսության մի անտառապահ իր հսկած պահաբաժնից ծառեր է ապօրինի հատել և վաճառել Վահագնի գյուղի փայտամշակման արտադրամասի տիրոջը։ Նշված արտադրամասում ոստիկանները հայտնաբերեցին փայտանյութը։

Ավելի ուշ պարզվեց նաև անտառապահի ինքնությունը՝ Վանաձորի բնակիչ էր, 63 տարեկան։

Մարտի 16-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին։ Պարզվեց՝ անտառապահը մարտի 5-ին բենզասղոցով երկու ծառ էր հատել, իսկ մարտի 14-ին փայտանյութը վաճառել էր արտադրամասի տիրոջը։

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: