Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել. Երևանի փոխքաղաքապետը՝ 2 պաշտոնյայի ձերբակալության մասին
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից և այս համատեքստում անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ իրականացնելուն:
«Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: Այո՛, լինելու են, շարունակելու են լինել...
Երևանի քաղաքապետարանում 20 հազարից ավելի մարդ կա: Այդ մարդիկ մեր բարեկամները չեն, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են, և դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։