չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ապօրինի սեփականաշնորհվել է «Կինոգործիչների միության» այգու մի մասը․ քրգործ է հարուցվել

Ապօրինի սեփականաշնորհվել է «Կինոգործիչների միության» այգու մի մասը․ քրգործ է հարուցվել

Երևան քաղաքի Կենտրոնում 2012-2013 թթ.-ին կասկածելի գործարքներով սեփականաշնորհվել է «Կինոգործիչների միության» այգու մի մասը։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ սեփականաշնորհման որոշումից հետո հաջորդ քաղաքապետը՝ Հայկ Մարությանն է շինթույլտվություն տրամադրել, որով կկառուցապատվի այգու տարածքի մի մասը։ «Հետք»-ը պարզել է այգու այդ մասի սեփականաշնորհման գործարքի հիմքերը և դերակատարներին։

Դեռևս 2004 թվականին, երբ «Կինոյի տան» շենքի դիմաց ու հետնամասում բարձրահարկեր չէին կառուցվել, խորհրդային տարիներին կառուցված «Կինոյի տան» շենքն այսպիսի տեսք ուներ, իսկ շենքին հարող տարածքը բարեկարգ էր։

2004-2008 թվականներին Վարդանանց և Խանջյան փողոցների հատման մասում կառուցվեց բազմաբնակարան երկու շենք, որոնցով պարփակված հատվածում մնաց «Կինոյի տունն»-իր ներքին բակ-այգով։ Հենց այդ այգին էլ այսօր կառուցապատման վտանգի տակ է։

Արամի, Վարդանանց և Խանջյան փողոցների հատման մասում կառուցված «Կինոյի տան» բակի չկառուցապատված այգին տեսանելի է արբանյակից արված լուսանկարներում։ Չկառուցապատված այդ տարածը երևում է ինչպես բարձրահարկերի կառուցումից առաջ, այնպես էլ՝ հետո արված լուսանկարներում։

«Կինոգործիչների միությունից» մեզ են փոխանցել մինչ բարձրահարկերի կառուցումը այգում իրականացված նկարահանումների տեսագրությունները։ Դրանցում ներկայացված է «Երրորդ ալիք» հեռուստատեսային հաղորդման վարողներց Կարեն Քոչարյանի զրույցը կինոգործիչների հետ։ Կադրերում երևում է կանաչապատ այգին, ծառերը, բայց ոչ շինություն։

Երկու բարձրահարկերը կառուցելուց հետո «Կինոյի տան» տարածքում դեռևս ԽՍՀՄ տարիներից ռեստորան ունեցած Սամվել Կարինյանը սեփականաշնորհման գործընթաց է սկսում, որով ցանկանում է սեփականաշնորհել իր տարածքի տակ առկա նկուղն ու Արամի փողոցին նայող հարթակը։

 

2012 թ.-ին Վարդանանց 18 շենքի ընդհանուր բաժնային սեփականություն նկատմամբ իրավունք ունեցող սեփականատերերը գրավոր համաձայնություն են  տալիս, որ Սամվել Կարինյանը կարողանա սեփականաշնորհել հարթակն ու նկուղը։ Համաձայնագրի տեքստում տառացի գրված է․ «Մենք՝ ներքոստորագրողներս, որոնք ունեն տարածք Վարդանանց 18 շենքում, տալիս ենք մեր համաձայնությունը, որ 18 շենքի 4 տարածքի սեփականատեր Սամվել Կարինյանը սեփականաշնորհի իր տարածքի տակ գտնվող ինքնակամ նկուղը և հարթակը»։

Այս համաձայնագրից հետո տարածքում չափագրություն է իրականացնում Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ունեցող «Անիկոմ» ՍՊԸ-ն (քարտեզագրող, հողաշինարարի որակավորում ունեցող Սեդրակ Ֆիդանյանը

2012 թ.-ի ապրիլի 18-ին կազմված փաստաթղթի շինությունների բնութագրում հայտնվում են հետևյալ կառույցները` 1-ին հարկում 140 քմ ոչ բնակելի (օրինական), 2.93 մետր բարձրությամբ 115 քմ (ինքնակամ), 345 քմ նկուղ (ինքնակամ) և 112 քմ (հարթակ)։ Այս բոլոր կառույցների կառուցման տարեթիվ նշված է 1974 թվականը։ Ի դեպ, այգում նկարահանումներ իրականացրած «Երրորդ ալիք» հեռուստահաղորդումը ստեղծվել է 1991 թ.-ի փետրվարի 19-ին, եւ եթե այգում ինքնակամ կառույց լիներ այն էլ կառուցված 1974թ.-ին, ապա կերևար տեսանյութում։ 

Վերադառնանք բնակիչների տված համաձայնությանը և «Անիկոմ» ՍՊԸ-ի չափագրմանը։ Երկու փաստաթղթերի համադրությունից պարզ է դառնում, որ Կարինյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի տակ առկա նկուղից և հարթակից բացի հայտնվել է նաև 115 քմ մակերեսով ինքնակամ տարածք։ «Անիկոմ» ՍՊԸ-ի կազմած հատակագծերի և Կադաստրի կոմիտեի քարտեզի համադրությամբ էլ պարզ է դառնում, որ 115 քմ տարածքը «Կինոյի տան» այգու մի մասն է, որը սեփականաշնորհելու վերաբերյալ համաձայնություն չեն տվել շենքում տարածք ունեցողները։

«Անիկոմ» ՍՊԸ-ի կազմած հենց այս փաստաթուղթն է հիմք հանդիսացել, որ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով շենքի սեփականատերերին (այդ թվում՝ Կինոգործիչների միությանը) պատկանող այգու մի մասի վրա գոյություն չունեցող «ինքնակամ կառույցը» սեփականաշնորհվի։ 

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը ի թիվս այլ փաստաթղթերի «Հետք»-ին է տրամադրել նաև Կադաստրի կոմիտեից ստացած մի տեղեկանք, որի համաձայն՝ այգու տարածքում որևէ շինություն չկա, գոյություն չունի։ 

Տարոն Մարգարյանի որոշումն ու իր պարզաբանումը

2013 թ.-ի դեկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունում է 6379-Ա որոշումը՝ հիմքում ունենալով քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 12.12.2013թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը: Իսկ դիմումին կից ներկայացված են եղել «Անիկոմ» ՍՊԸ-ի իրականացրած չափագրության տվյալները (վերևում նշեցինք, որ դրանցում կա նշում գոյություն չունեցած 115 քմ ինքնակամ կառույցի մասին)։

Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետն այդ ժամանակ եղել է Անդրանիկ Քասարյանը, որը Տարոն Մարգարյանի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանի հետ միասին այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ գործով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Տարոն Մարգարյանի վերը նշված 6379-Ա որոշմամբ օրինական են ճանաչվել 572.8 քմ մակերեսով կառույցներն այն դեպքում, երբ օրինականացման ենթակա նկուղն ու հարթակը միասին ունեցել են ընդամենը 457.9 քմ։ Իսկ նախատեսվածից 115 քմ ավել օրինականացված տարածքը «Կինոյի տան» այգու մի մասն է։ Օրինականացման համար Վարդանանց 18 շենքի 4 տարածքի սեփականատեր Սամվել Կարինյանը Երևան քաղաքի բյուջե է վճարել 11 միլիոն 456 հազար դրամ։

Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան առաջարկել է Երևանի քաղաքապետարանից պարզել  6379-Ա որոշման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա տվյալների ճշգրտությունը։ Տարոն Մարգարյանը, հղում կատարելով ՏԻՄ օրենքին, նշել է նաև, որ քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է իր տեղակալների աշխատակազմի, վարչական շրջանի ղեկավարների միջոցով։ «Վերը նշվածից բխում է, որ Երևանի քաղաքապետը իր գործառույթները չի իրականացնում անձամբ, այլ դրանք իրականացվում են համապատասխան մասնագետների կողմից, որոնք պատասխանատվություն են կրում դրանց իրավաչափության համար, և Երևանի քաղաքապետի կողմից իրավասու պաշտոնատար անձ հանդիսացող մասնագետների կողմից որոշումների նախագծերի լրացուցիչ ուսումնասիրություններ չեն իրականացվում»,- հայտնել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

Ինչո՞վ է հայտնի «Անիկոմ» ՍՊԸ-ն

Ներկայում «Հետազոտությունների և դատական փորձաքննություննեի կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ անունը կրող կազմակերպությունը նախկինում հակիրճ անվանում ուներ՝ «Անիկոմ» ՍՊԸ։ Այս ընկերությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թ.-ին։ Այդ ժամանակ իրացվում էր պետության կարիքների համար  բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված՝ Երևանի կենտրոնում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող մի շարք քաղաքացիների սեփականությունը։ Տներից զրկվող մարդիկ ահազանգել էին, որ «Անիկոմ» ՍՊԸ-ն գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփերզ» ընկերության համար իրենց տները գնահատում է շուկայական արժեքից էժան գնով։ Նրանց բողոքների հիման վրա Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել։ «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Անիկոմ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնում քրգործ էր հարուցվել։ Մեղադրանք էր առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին։ Հետագայում այդ քրեական գործին է միացել Երևանի մի շարք հասցեներում անշարժ գույքերի գնահատման գործընթացքում խախտումներ կատարելու հատկանիշներով հարուցված 2 քրեական գործ։ Արդյունքում՝ այդ երեք քրեական գործը 2021 թ.-ի նոյեմբերին 29-ին կարճվել է՝ մեղադրյալի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Սեփականատիրոջ փոփոխությունն ու շինթույլտվությունը

Երևանի քաղաքապետի սեփականաշնորհման (ինքնակամ կառույցներն օրինականացնելու) որոշումը ստանալուց հետո՝ 2014 թ.-ին Սամվել Կարինյանը դիմում է Կադաստրի կոմիտե և ստանում է սեփականության նոր վկայական։ Այդ վկայականում որպես հիմք նաև նշված է Երևան համայնքի ղեկավարի 13.12.2013 թ.-ի 6379-Ա որոշումը։ Կարինյանին պատկանող շինությունների բնութագրում արդեն ավելացվել է նոր նշում՝ «713.5 քմ տարածք, սեփականություն»։

Սեփականաշնորհումից 5 տարի հետո (2019 թ․) Սամվել Կարինյանը Վարդանանց 18 շենքի 4 հասցեի գույքը վաճառել է քաղաքացիներ Վահագն Ատոմյանին և Էլեն Բաղդասարյանին։ Ատոմյանը Երևանում գործող «Լաբիրինթ» գարեջրատան տնօրեն Հրաչյա Ատոմյանի եղբայրն է։

Վահագն Ատոմյանն ու Էլեն Բաղդասարյանը 2020 թ.-ի նոյեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանից ստացել են հասարակական կառույցների վերակառուցման՝ մուտքերի իրականացման և վերահատակագծման նախագծման թույլտվություն։ Երկու ամիս անց՝ 2021 թ.-ի հունվարի 21-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեփականատերերին է տրամադրել շինթույլտվություն։

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» ՀԿ-ն շինաշխատանքների մեկնարկին զուգահեռ իրավական գործընթաց է սկսել՝ փորձելով կանխել այգու մի մասի կառուցապատումը։ Վարչական դատարան երկու հայց է ներկայացվել։ Մեկով պահանջում են Երևանի քաղաքապետի «ինքնակամ կառույցներն օրինականացնելու» որոշումն առոչինչ ճանաչել, մյուսով՝ շինթույլտվությունը վերացնել։ 

Դատական հայցերից բացի, ՀԿ-ն նաև հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացին քրեաիրավական գնահատական տալու համար քրեական գործ է հարուցվում, որի նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն։

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը» մինչ այդ փորձել է Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթի շրջանակում հասնել շինթույլտվության անվավերության, սակայն քաղաքապետարանը մինչ վարչական վարույթի ավարտը չի կասեցրել շինթույլտվությունը։ Երևանի քաղաքապետարանի իրականացրած լսումների ընթացքում արվել է այգու տարածքի լրացուցիչ տեղազննություն, որի վերաբերյալ գրավոր արձանագրություն չի կազմվել, տարածքը չի լուսանկարահանվել, սակայն քաղաքապետարանի՝ տեղազննություն իրականացրած աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել։ Ըստ զեկուցագրի՝ շինաշխատանքներն իրականացվում են համաձայնեցված նախագծի պահանջներին համապատասխան։ Մինչդեռ «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» ՀԿ-ն իր բողոքում նշել էր, որ բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը այգին) ծառապատ և կանաչապատ է, տարածքում շինություն չկա։

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը տարակուսած է․«Այդքան բողոք ենք բերել քաղաքապետարան։ Իրենց մոտ գոյություն չունի մի փաստաթուղթ, մի նյութ։ Լավ, այդ շինությունը գոյություն ունի՞, թե՞ չէ։ Այդքան բողոքից հետո, վերջերս՝ ամռանը՝ երբ շինարարությունը սկսում էին, մեր բողոքներից հետո եկել, տեսել են (տարածքը), ասում ենք՝ ի՞նչ եք հայտնաբերել, շինությունը կա՞, թե՞ չկա։ Չեն խոսում»։

Մեր այն հարցին, թե քաղաքապետարանի գործողությունների մեջ ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք, փաստաբանը դրական պատասխան տվեց։ «Ինչ-որ մեկը տարածքը ցույց է տվել, չէ՞։ Շինթույլտվությունն ինչպե՞ս են տվել։ Ցույց են տվել որպես իրենց սեփականություն, որը Կադաստրն ասում է՝ ազատ տարածք է։ Բայց քաղաքապետարանը ցույց է տվել որպես իրենց սեփականություն, ու դրա վրա շինարարություն կատարելու թույլտվություն է տրվել»,- նշեց Կարեն Մեժլումյանը։

Սեփականաշնորհողի և կառուցապատողի դիրքորոշումը

Այգու մի մասի վրա գոյություն չունեցած ինքնակամ կառույցն օրինականացրած Սամվել Կարինյանին և կառուցապատում իրականացնողի եղբորը՝ «Լաբիրինթ» գարեջրատան տնօրեն Հրաչյա Ատոմյանին միասին լսեցինք։ Սամվել Կարինյանը փորձեց բացատրել, որ «Անիկոմ» ՍՊԸ-ի կազմած ինքնակամ կատույցների բնութագրում նշված «հարթակը» հենց այգու տարածքի մի մասին է վերաբերում։ Հրաչյա Ատոմյանն էլ ավելացրեց՝ վրիպակ է, որից հետո փորձեց հիմնավորել, թե ինչ է հարթակը։ 

«Թե որն է հարթակը, ես իմ դիրքորոշումը կասեմ, իրենք՝ իրենցը (նկատի ունի Կինոգործիչների միությանը)։ Դիմե՞լ են դատարան. որ մեկիս դիրքորոշումը կհամարի հիմնավոր, այդպես էլ կորոշի։ Ձեզ ինչո՞ւ են անհանգստացնում»,- հակադարձեց Հրաչյա Ատոմյանը։ 

Սամվել Կարինյանից փորձեցինք ևս մեկ անգամ ճշտել՝ այգում շինություն եղե՞լ է, թե՞ ոչ։ «Բետոն է եղել ու «նավես» է եղել, քանդված «նավեսի» տեղն էլ հիմա կերևա։ Կառույց չի եղել, ո՞վ է ասում, որ կառույց է եղել»,- պատասխանեց Սամվել Կարինյանը։

Մեր դիտարկմանը և ճշտող հարցին, որ բաժնային սեփականատերերը համաձայնություն են տվել միայն նկուղն ու հարթակն օրինականացնելուն, ինչպ՞ս եք սեփականաշնորհել այգում գոյություն չունեցած կառույցը, Սամվել Կարինյանը պատասխանեց․ «Ասեմ՝ ոնց ենք արել։ Պայմանավորվել ենք, բերել եմ գծագրերը, եկել, գծել են, տարել, դրել եմ դեմները, ստորագրությունները տվել են, տարել եմ օրինականացրել եմ։ Ոնց եմ արել։ էլ ոնց պետքա ասեի»։

Այդ պայմանավորվածություն մասին Սամվել Կարինյանը այլ մանրամասներ էլ հայտնեց, շենքում բաժնային սեփականության իրավունք ունեցող «Շարմ հոլդինգի» և Կինոգործիչների միության նախկին ղեկավարության հետ բանավոր պայմանավորվածություն են ունեցել այգին համատեղ օգտագործելու։ Յուրաքանչյուրը օգտագործի իր սեփականությունից դեպի այգի բացվող հատվածը։ Հետագայում հենց իր օգտագործած տարածքի վրայի բետոնապատ հատվածն էլ օրինականացրել է։

Սամվել Կարինյանը հայտարարեց նաև, որ եթե «Կինոգործիչների միությունում» այդքան մտածում են այգու մասին՝ ինչու «Կինոյի տան» հին շենքը «ապականեցին», բարձրահարկեր կառուցեցին և այդ կառուցման ժամանակ էլ այգին վնասեցին։

Նշենք նաև, որ «Կինոգործիչների միության» և տարածքի նոր սեփականատիրոջ ներկայացուցչի միջև բազմաթիվ բանակցություններ են ընթացել, թե ինչպես համատեղ օգտագործել այգին, սակայն դրական արդյունք չի եղել։ Այդ իսկ պատճառով չենք անդրադառնում այն հարցին, թե որ կողմն ինչ պահանջներ է ներկայացրել այգին համատեղ օգտագործելու վերաբերյալ և ինչու համաձայնության չեն եկել։

  • Կիսվել: