չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ապավենում» նռնակ պայթեցրած անձը արցախյան պատերազմի մասնակից է եղել

«Ապավենում» նռնակ պայթեցրած անձը արցախյան պատերազմի մասնակից է եղել

Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերությունում մի քաղաքացի նռնակ է պայթեցրել։ Զոհեր, բարեբախտաբար, չկան, սակայն վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները. գրում է hraparak.am–ը։

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ոստիկանությունը պարզում է նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը: Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենան, դռան ապակիները, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: 

Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան այս դեպքից։ Նախ մեզ «Ապավենից» ասացին, որ նռնակը ընկերության տարածքից դուրս է նետել, որ անվտանգ վայրում պայթի, մարդու վնաս չտա։ Պայթեցնողը եղել է ընկերությանը կից տերմինալի աշխատակից, որը 2019-ից է այնտեղ աշխատում։ Ասացին՝ արցախյան պատերազմի մասնակից է, հավանաբար՝ ալկոհոլի ազդեցության տակ է եղել, իսկ թե ինչ է պահանջել, ինչու է գնացել նման քայլի, ընկերությունում դժվարանում են բացատրություն գտնել, քանի որ որևէ պահանջ չի ներկայացրել։

 

Նռնակը ձեռքին մտել է ընկերության տարածք, արդեն օղակը քաշած է եղել, այսինքն, եթե այդ պահին ձեռքից բաց թողներ, անմիջապես կպայթեր՝ վնասելով իրեն և իր կողքը գտնվողներին։ Բայց բանակցությունների արդյունքում կարողացել են համոզել, որ նռնակը գոնե պարսպից դուրս նետի։ Այդպես էլ արել է։ Պայթյունի հետևանքով վնասվել է մի մեքենա և դռան ապակիները։ Նաև պահակն է վնասվել, բայց դեռ պարզ չէ՝ պայթյունի հետևանքով, թե՞ գուցե ընկերության տարածք ներխուժելիս է հրմշտոց եղել, հարված ստացել։ Ասացին՝ հետաքննիչները զբաղվում են, բոլոր հարցերը կպարզվի հետաքննության ընթացքում։

 

  • Կիսվել: