շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների առանցքային ուղղություններից է. փոխնախարար

Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների առանցքային ուղղություններից է. փոխնախարար

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին, որը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները, ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի ընդունած 2020 և 2022թթ. բանաձևերը, ընթացիկ տարվա մարտին ռեգիոնալ խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզի հետ համագործակցության հաստատումը:

Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար և գոհունակությամբ արձանագրել, որ ռեգիոնը՝ Հայաստանի հետ սերտ և ակտիվ գործակցությամբ, հերթական անգամ հաստատում է, որ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների առանցքային ուղղություններից է:

Երկուստեք կարևորվել է փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ նրանց համար կայուն կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը, որը Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի տնտեսական, առողջապահական ծրագրերի հետ միասին ներառվել է Սյունիքի մարզի հետ համագործակցության առաջնահերթությունների շարքում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին, մտքեր փոխանակել տարածաշրջային հարցերի շուրջ:

  • Կիսվել: