կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անվերջանալի այս քննարկումները երևանցիներին չեն հետաքրքրում, պետք է համաձայնության գանք․ Ավինյանը՝ տեղումների առաջացրած խնդիրների լուծման մասին

Անվերջանալի այս քննարկումները երևանցիներին չեն հետաքրքրում, պետք է համաձայնության գանք․ Ավինյանը՝ տեղումների առաջացրած խնդիրների լուծման մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքում տեղումների առատության հետևանքով առաջացած խնդիրներին, ցանկացավ պարզել պատճառները։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ առատ տեղումների հետևանքով խնդիրներ են առաջացել տրանսպորտային հանգույցներում, թունելներում, իսկ պատճառներից առաջինն այն էր, որ քաղաքի այդ հատվածում մեծ էր ծավալը տեղումների: Երկրորդը՝ որոշակի հատվածներում կուտակումների պատճառը հեղեղատար համակարգի իսպառ բացակայությունն է, մնացած հատվածներում ջրականգի պատճառների մեծ մասը, ըստ Արեյանի, պայմանավորված է եղել և՛ թողունակությունը չբավարարելու, և՛ մաքրման աշխատանքներով։

«Հաջորդ իսկ օրերին «Վեոլիա ջրի» հետ իրականացրել ենք շրջայց, մաքրվել են հանգույցները, տեղափոխվել է տիղմը, ևս մեկ անգամ ստուգվել են ստորգետնյա անցումներն ու թունելները: Այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք միայն Վարդանանց-Խանջյան խաչմերուկում, որտեղ խափանվել է երկու հետիոտնային անցումների մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը, երեք օր է՝ այնտեղ իրականացվում են հետազոտական աշխատանքներ: Երեկ վերջնական պատճառը պարզել ենք, նաև վնասված է մեկ հատվածը, այսօր պետք է իրականացնենք այդ վերականգնման աշխատանքների առաջին փուլը։ Համաձայն վարձակալության պայմանագրի, և դա նորություն չէ, քաղաքապետարան են ուղղվում բազմաթիվ անհարկի, ոչ կոմպետենտ հարցադրումներ․ Երևանում ամենօրյա մաքրությունը, սպասարկումը, շահագործումը իրականացվելու է վարձակալի կողմից, դա նորություն չէ «Վեոլիայի» համար։ Խնդիրը լուծելու երկու ճանապարհ ունենք, պարո՛ն քաղաքապետ, ձեր հանձնարարությամբ մեկ ամիս է՝ իրականացվում են գույքագրման աշխատանքներ, 12 վարչական շրջանների մի մասը արդեն ներկայացրել են այն վայրերի ցանկը, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, երկրորդը՝ մենք խնդրել ենք՝ «Վեոլիա ջուրը» վերանայի աշխատակազմի ցանկը, բանվորական կազմը: Կենտրոն վարչական շրջանի օրինակով ասեմ՝ 7 հոգին բավարար չէ այս ամբողջ ցանցի սպասարկման համար, պետք է մեծացնեն տեխնիկական անձնակազմը, երրորդը՝  իհարկե, սպասարկման պարբերականությունը պետք է խստացվի»,- ասաց նա։

Քաղաքապետն արձագանքեց, որ իրենք քննարկում ունեցել ենք, ի թիվս այլ հարցերի նաև, մասնավորապես, կոյուղագծերին վերաբերող։

«Անկեղծ ասած՝ արդեն մեղավորներին փնտրելն էլ կարևոր չէ․ ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստացել: Այս տարի պետք է վերջապես հանգուցալուծման գանք, որովհետև անվերջանալի այս քննարկումները՝ պայմանագրում սա նախատեսված չէ, նա նախատեսված չէ, երևանցիներին չի հետաքրքրում։ Այս տարի պետք է «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ համաձայնության գանք, ամեն բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել․ մեզ պետք է ընկերություն, որ ամբողջ ցանցի պատասխանատվությունը վերցնի»,- ասաց նա։ 

  • Կիսվել: