կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Անտառ տնկելը մի բան է, հետո այդ անտառը խնամելը, պահելը և հասունացնելը՝ այլ բան. Փաշինյանը՝ Ավինյանին

Անտառ տնկելը մի բան է, հետո այդ անտառը խնամելը, պահելը և հասունացնելը՝ այլ բան. Փաշինյանը՝ Ավինյանին

Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ վերջին շրջանում Նորքի անտառներում ապօրինի ձևով սեփականաշնորհված կամ օտարված հողեր են վերադարձվել պետությանը Երևան համայնքում և հիմա մենք այնտեղ անտառ ենք հիմնում նորից Նորքի հատվածում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՏԿԵ նախարար Համբարձում մաթեւոսյանը նշեց, որ այդ հողատարածքները արդեն իսկ ամրացված են «Հայանտառ» ՊՈԱԿ–ին, հիմա աշխատում են միջազգային գործընկերների հետ, մասնավոր հիմնադրամների, բարեգործական հիմնադրամների կողմից նույնպես կա հետաքրքրվածություն, որպեսզի ներդրումներ անեն  այնտեղ, որի արդյունքում կունենանք անտառային պուրակ Նորքի լանջի հատվածում։ Ընդհանուր առմամբ 50 հեկտարի մասին է խոսքը։

Փաշինյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հողատարածքները հերադարձվել են իրավական ընթացակարգերի արդյունքում, ինչին վերջինս դրական պատասխան տվեց։

«Այո, քրեական վարույթ էր նախաձեռնվել, որը քննվում էր հակակոռուպցիոն կոմիտեում, որի արդյունքներով նաև պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով, վերջնականապես այս պահին 7 հեկտարը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Իրավական գործընթացը շարունակական է և առաջիկայում էլի տարածքներ կլինեն, որոնք կամրացվեն շրջակա միջավայրի նախարարությանը։

Այս գործընթացը ոչ միայն Երևան քաղաքում է իրականացվում, տեղեկացված եք որ Ծաղկաձորում էլ ընթացքի մեջ են անտառները որոնք վերադարձվում են պետությանը և այս պահին նաև աշխատանքներ են տարվում Արարատի և Վայոց ձորի մարզերում, բավական մեծ ծավալով տարածքներ վերադարձնելու Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի դրանք դառնան  անտառային օգտագործման տարածքներ»,–ասաց Վարդապետյանը։

 

Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ դրանք մասշտաբային ծրագրեր են, փորձագիտական խորհրդատվություն է պետք, որովհետև ծառը տնկելը, անտառ տնկելը մի բան է, հետո այդ անտառը խնամելը, պահելը և հասունացնելը, որ կայանա, դա բոլորովին ուրիշ բան է։

  • Կիսվել: