ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աննա Հակոբյանն այցելել է «Սաբինե» խնամքի կենտրոն և հանդիպել Աղաջանյանների խնամատարի ընտանիքի հետ

Աննա Հակոբյանն այցելել է «Սաբինե» խնամքի կենտրոն և հանդիպել Աղաջանյանների խնամատարի ընտանիքի հետ

Հունիսի 6-7-ը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Լոռու մարզ։ Վանաձորում նա այցելել է «Սաբինե» երեխաների խնամքի կենտրոն, ծանոթացել սոցիալական պայմաններին։ Շահումյան վարչական շրջանում էլ հանդիպել է Աղաջանյանների խնամատարի ընտանիքի հետ։ Աննա Հակոբյանը զրուցել է ընտանիքում բնակվող 3 երեխաների հետ, որոնք պատմել են, թե ինչպես են երեխաներն ապրում իրենց երկրորդ տանը։

«Սաբինե» խնամքի կենտրոնի սան 12-ամյա Հովհաննեսի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումն սկսվել է գրկախառնությամբ և շարունակվել խնամքի կենտրոնում շրջայցով։ Աննա Հակոբյանի ձեռքը բռնած՝ փոքրիկ Հովհաննեսը ցույց է տվել իրենց տան ամեն մի անկյունն ու պատմել, թե ինչպես են անցկացնում իրենց առօրյան խնամքի կենտրոնում։ Հովհաննեսն այն 10 սաներից մեկն է, որը մնացել է առանց ծնողական խնամքի և ապրում է «Սաբինե» երեխաների խնամքի կենտրոնում։

«Սաբինե» խնամքի կենտրոնի հյուրերին ուղեկցել են դեպի հյուրասենյակ, որտեղ մի սեղանի շուրջ վարչապետի տիկինն ու երեխաները քննարկել են կրթության կարևորության, լավ մարդ և քաղաքացի դառնալու անհրաժեշտության մասին։

«Սաբինե» ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանը ներկայացրել է իրենց կենտրոնի հնարավորություններն ու երեխաների խնամքի պայմանները։ Ծրագիրն առաջարկում է ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի փոքր խմբով տան մոդել այն երեխաների համար, որոնք ընտանիքում ապրելու հնարավորություն չունեն։ Նախկինում խնամքի կենտրոնում կարող էին մնալ մինչև 18 տարեկան երեխաները, սակայն «Սաբինե 2» ծրագրի շնորհիվ այժմ այստեղ կարող են ապրել մինչև 21 տարեկան երեխաները։ Խնամքի կենտրոնի սաները հաճախում են դպրոց, օտար լեզուներ սովորում և բարձրագույն կրթություն ստանում։ Սա մի մեծ ընտանիք է՝ 10 երեխայով և 4 մայրիկ-խնամողներով։ Խնամքի կենտրոնում նաև սոցիալական աշխատող և հոգեբան կա։ Կենտրոնը ստեղծվել է 2018 թվականին և ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիա բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից։ Ծրագիրը պիլոտային է։

Լոռու մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքով նաև զբաղվում են այլ ընտանիքներ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Շահումյան վարչական շրջան, որտեղ հանդիպել է խնամատար ընտանիքի հետ։ 4 տարի առաջ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի 3 երեխաներ իրենց երկրորդ տունը գտան Աղաջանյանների ընտանիքում։ Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես են իրենց զգում երեխաները և ինչ խնդիրներ ունեն։ Վարչապետի տիկինն ու երեխաները պայմանավորվել են Լոռու մարզում ճամբար կազմակերպել և ամառային իրենց հանգիստն անցկացնել ակտիվ կենսակերպով։

  • Կիսվել: