երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աննա Հակոբյանի գրասենյակը հերքում է․ Ռուբեն Հայրապետյանից գումար չեն ուզել

Աննա Հակոբյանի գրասենյակը հերքում է․ Ռուբեն Հայրապետյանից գումար չեն ուզել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախագահությամբ գործող «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները երբևէ չեն դիմել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններին հիմնադրամների հետ համագործակցելու առաջարկով:

Այս մասին InfoPort-ի օրերս ուղարկված հարցմանն ի պատասխան հայտնեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։ Միևնույն ժամանակ նա հավելեց․ «Սակայն եթե կան ընկերություններ, որոնք փոխկապակցված են Ռուբեն Հայրապետյանի հետ, բայց դա հանրային փաստ չէ, և ինչպես հանրությունը, այնպես էլ հիմնադրամների աշխատակազմերը կարող են չիմանալ այդ կապի մասին, ապա խնդրում ենք, որպեսզի պարոն Հայրապետյանը հրապարակի իր կամ իր հարազատների հետ առնչություն ունեցող ընկերությունների ամբողջական ցանկը, որից հետո հիմնադրամներն ավելի հստակ կկարողանան պատասխանել բարձրացված հարցին»։

Նշենք, որ օրերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ Հայրապետյանը պնդել էր, որ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներից բազմիցս իրեն դիմել են օժանդակության համար, սակայն նա մշտապես մերժել է նրանց, պատճառաբանելով, որ գերադասում է գումարները այլ նպատակների վրա ուղղել՝ «օգնել կարիքավորներին, հիվանդներին․․․»։

  • Կիսվել: