հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու․ Փոխվարչապետը պնդել է իր հայտարարությունը

Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու․ Փոխվարչապետը պնդել է իր հայտարարությունը

Հայատսանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր դիրքորոշումը, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա։

«Կա բավարար գործիքակազմ, բավարար ռեսուրս, որ թանկացում չլինի անհատ սպառողների համար։ Այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել ու լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից, վկայում այն, մասին, որ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի»,-նշեց Գրիգորյանը։

Այդուհանդերձ, պաշտոնյան ընդգծեց, որ սահմանին գազի գգնի շուրջ բանակցությունները ընթացել, ընթանում են ու դեռ կշարունակվեն ընթանալ։
«Դա լինելու մշտական պրոցես, որովհետև ցավոք, մենք սահմանին գազի գնի ձևավորման միասնական մեխանիզմներ չունենք։ Եվ դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում», -հավելեց Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե Ռուսաստանը դեմ է, Մհեր Գրիգորյանը արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցի շուրջ հնարավոր է երկար խոսել ու հավելեց․

«Ռուսաստանը ոչ թե դեմ է սկզբունքին, այլ դեմ է իրագործման ձևին։ Բայց ինչևէ, մեզ համար կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված և երկարատև։ Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելու և ֆորմալիզացնելու հարթակը ԵԱՏՄ-ն է»։

  • Կիսվել: