շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա

Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը. Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմա

Մենք հետեւում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Անհանգստացած ենք այն մարտահրավերներով, որոնց այսօր բախվում է Հայաստանը: Էստոնիայի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանվեն անկախությունը եւ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը, եւ ոչ ոք չի կարող այն ուժով փոխել: Այս տեսանկյունից մենք մեր ուժերից բխող ամեն ինչ կանենք` թե’ երկկողմ հարաբերություններում, թե’ որպես ԵՄ անդամ պետություն: Այս մասին ասել է Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդման նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ հանդիպմանը:

Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի հրավերով:

Բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի խաղաղության գործընթացում Էստոնիայի ցուցաբերած աջակցության համար: Պատգամավորը խոսել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը նշանակում է ճանապարհների ապաշրջափակում եւ նոր կապերի ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ:

Ըստ ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանի` աշխարհը պետք է արդար լինի ցեղասպանություն իրագործած պետություններին դատապարտելու հարցում: Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ ցանկանում է հարեւանների հետ ապրել խաղաղ պայմաններում:

ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամ Մարինա Ղազարյանն էլ խոսել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, կարեւորել ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կարիքների բավարարման համար միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Բարեկամական խմբի անդամ Անուշ Քլոյանը եւս խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները:

Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն էլ ավելի են խորացել, որոնց նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ երկկողմ հանդիպումները:

  • Կիսվել: