հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Նախազգուշացվել է, թող իր գործով զբաղվի». Անդրեասյանը՝ Կոջոյանի անվան դպրոցի տնօրենի մասին

«Նախազգուշացվել է, թող իր գործով զբաղվի». Անդրեասյանը՝ Կոջոյանի անվան դպրոցի տնօրենի մասին

Հանրակրթության օրենքում հստակ ամրագրված է, որ ուսումնական հաստատություններում քաղաքական և կրոնական գործունեությունն արգելված է, մենք խստացրել ու հստակեցրել ենք այդ պահանջները նաև տնօրենի քաղաքական զսպվածության պահանջով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Դա մեզ համար շատ կարևոր է, և ես, հաշվի առնելով նաև, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթը օգտագործելով, ուզում եմ ևս մեկ անգամ հստակ հայտարարել՝ Կրթության ոլորտի մարդիկ պիտի կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով, և ցանկացած բան, որը խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն, ընդհուպ մինչև այդ մարդկանց ազատումը»:

Անդրադառնալով դեպքին, երբ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենը ֆեյսբուքի իր էջում տարածել էր Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու վերաբերյալ գրառումը՝ նախարարն ասաց. «Այս մասով մենք ստացել էինք նաև լրագրողական հարցումներ, բնականաբար, համապատասխան պարզաբանման համար դիմել էինք Երևանի քաղաքապետարան և ստացել ենք քաղաքապետարանի պարզաբանումը առ այն, որ իրենք արել են համապատասխան ուսումնասիրությունը և օրենքի հետ հակասություն չեն հայտնաբերել և նաև նախազգուշացրել են տնօրենին։

Նույնիսկ, եթե որևէ բան իրավական հարթության մեջ կարող է այսպես մեկնաբանվել կամ այսպես չմեկնաբանվել, դա պետք չէ անել։ Եվ ես կարծում եմ՝ դրա կարիքը ընդհանրապես չկա։ Հորդորում եմ մեր բոլոր տնօրեններին զբաղվել իրենց գործով։ Ես ասում եմ մեր տնօրեններից պահանջվում է զբաղվել իրենց գործով, այլ բան չունեմ ասելու»։

  • Կիսվել: