շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին. ՊԵԿ

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին. ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊԵԿ-ից: 

Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին:

Խորհրդի նիստի օրակարգում էր կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացումը: Մասնավորապես, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծերի շրջանակում քննարկվել են թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցման և վերաձևակերպման հետ կապված հարցեր։

Անդրադարձ է կատարվել ավտոմեքենաների մասով հաշվանցման սահմանափակումներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ բնապահպանական հարկի դրույքաչափերին:

Դիտարկվել են հարկային ստուգումները և վաղեմության ժամկետները, այդ թվում՝ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, ինչպես նաև համալիր հարկային ու տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը հարկ վճարողին ներկայացնելու ժամկետը։

Անդրադարձ է եղել նաև տույժի դրույքաչափի փոփոխությանը: Ընդգծվել են հարկային չարաշահումներին առնչվող դեպքերն ու հարկային վարչարարության կիրառման անհրաժեշտությունը: Խորհրդի անդամների միջև ծավալվել են ակտիվ քննարկումներ ներկայացված նախագծերի, ինչպես նաև բարձրացված հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ողջամիտ դիտարկումներով և կառուցողական առաջարկներով։

ՊԵԿ նախագահն, ամփոփելով երկխոսության արդյունքում խորհրդի անդամների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկները, նշել է, որ դրանք խորությամբ կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կիրականացվեն համապատասխան փոփոխություններ։ Միաժամանակ, կոմիտեն պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ և մշակել ներկայացված հարցերի առավել արդյունավետ լուծումներ:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել հաջորդ նիստը՝ հարկային օրենսդրության փոփոխություններին ուղղված նախագծերի մասով քննարկումը շարունակելու, ինչպես նաև մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր ներկայացնելու նպատակով։

  • Կիսվել: