երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ․ 2021-ի համեմատ ունենք դրական դինամիկա

Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ․ 2021-ի համեմատ ունենք դրական դինամիկա

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լուրերը, որոնք գրեթե ամեն օր գուժում են զոհերի մասին, խորը անհանգստանալու առիթ պետք է լինեն բոլորիս համար։ Պետք է հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի այդ զոհերն ու վիրավորները էականորեն պակասեն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը․

«Երեք հիմնական գործոն են ազդում ճանապարհային անվտանգության վրա՝ վարորդի վարքագիծը, տրանսպորտային միջոցի սարքին լինելը և նորմերին համապատասխանությունը և ճանապարհային ենթակառուցվածքները (ճանապարհի ծածկույթ, կահավորում նշաններով, այդ թվում գծանշաններով և այլն):

Պետական կառավարման համակարգը պետք է բարելավի ճանապարհային ենթակառուցվածքները, ինչն ինտենսիվ իրականացվում է վերջին տարիներին, ապահովի տրանսպորտային միջոցների տեխզննման պատշաճ համակարգ, վարորդական իրրավունք ստանալու խիստ քննություններ սահմանի, ինչպես նաև խիստ հսկողություն սահմանի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։

Վարորդներն ու հանրության մնացած անդամներն էլ պետք է հնարավորինս անվտանգ ճանապարհային վարքագիծ դրսևորեն։ Այս առումով շատ կարևոր են մի քանի հիմնական գործոն՝ վարելիս ուշադրությունը չշեղելը (հեռախոսով խոսել, ծխել և այլն), անսթափ վիճակում չվարելը, սահմանված արագությունը չգերազանցելը և անկանոն չվարելը։

Անցյալ տարի մեր ճանապարհներին զոհվել է 320 մարդ։ Բացարձակ թվով մենք 2021 թվականի համեմատ ունենք դրական դինամիկա՝ 2021թ. ունեցել ենք 368 զոհ։ Սակայն 100.000 բնակչին բաժին ընկնող զոհերի թվով՝ մոտ 11, մենք դեռ շատ բարելավվելու տեղ ունենք։ Շատ են երկրները, որոնք ունեն 3-4 զոհ 100.000 բնակչի հաշվով, հետևաբար մենք էլ կարող ենք և պետք է փորձենք հասնել այդ իրավիճակին։ Եկեք բոլորս մտածենք այս ուղղությամբ, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ այս դժբախտությունից», - գրել է նա։

  • Կիսվել: