շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը համագործակցության հուշագիր են ստորագրել

Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը համագործակցության հուշագիր են ստորագրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սողոյանը ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում համագործակցության հուշագիր են ստորագրել:

Պետություն-մասնագիտական հանրույթ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրելու առաջարկն Անահիտ Ավանեսյանն արել էր ավելի վաղ` նախարարի մասնակցությամբ ՀԲԱ խորհրդի և գործադիր վարչության համատեղ նիստի ժամանակ:

«Այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք երկուստեք ձեռք են բերվել, այսօր կվերահաստատենք  համագործակցության հուշագրի ստորագրմամբ»,- նշել է նախարարը` հույս հայտնելով, որ համագործակցության արդյունքում մասնագիտական փորձառություն ունեցող հանրույթի ձայնն առավել լսելի կդառնա:

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ընդգծել է. «Պետական ապարատը և մասնագիտական հանրույթն ինստիտուցիոնալիզացնում են իրենց համագործակցությունը: Երկու կողմն էլ ձեռք բերեց վստահելի գործընկեր»:

«Նշանակալի  իրադարձություն է, երբ  պետությունն՝ ի դեմս առողջապահության նախարարության և  մասնագիտական հանրույթը ՝ ի դեմս  «Հայկական բժշկական ասոցիացիայի», երկուստեք համագործակցության ձեռք են պարզել»,- ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Ներկաները շեշտել են՝ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի առողջապահության համակարգի համար նշանալի իրադարձություն է, որը կնպաստի հուշագրով նախատեսված ուղղություններում աշխատանքներն ավելի համակարգված և արդյունավետ դարձնելուն:

  • Կիսվել: