երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Անահիտ Ավանեսյանն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին, Եվրոպայի խորհրդի լայնածավալ մարտահրավերների և բազմակողմանի նախագծերի բաժնի պետ Տիգրան Կարապետյանին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի մոտ ապագայում վերադառնալ բնականոն կյանքին: Նախարարն առանձնացրել է մի քանի ուղղություն` հոգեկան առողջություն,  մարդուն oրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստում, էլեկտրոնային առողջապահություն, առողջության համապարփակ ապահովագրություն, որոնց շուրջ ցանկալի է կառուղոցական-խորհրդատվական քննարկումներ կազմակերպել:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ կառավարության ծրագրով առաջիկա տարիներին առողջապահական համակարգի բարեփոխումներն առաջնահերթություններից են և կարևորել այդ գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը:

Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանը խոսել է COVID-19-ով պայամավորված իրավիճակից և դրա կանխարգելմանն ուղղված սահմանափակումներից` ևս մեկ անգամ ընդգծելով, որ, չնայած դժվարություններին, արվում է առավելագույնը, մի կողմից հասարակության համար անվտանգ միջավայր ստեղծելու, մյուս կողմից՝ մարդու իրավունքների անքակտելիությունն ապահովելու նպատակով: 

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն իր հերթին վերահաստատել է  ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու Եվրախորհրդի հանձնառությունը և գոհունակություն հայտնել Անահիտ Ավանեսյանին նախորդ տարիների համատեղ ձեռքբերումների համար: 

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ բաց և կառուցողական երկխոսությամբ Հայաստանին օժանդակելու պատրաստակամության համար:

Հանդիպման վերջում մասնակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն:

  • Կիսվել: