ԱՆ տեղակալն ու ԱՀԿ-ի ներկայացուցիչը քննարկել են վերականգնողական բուժօգնության կառավարմանն առնչվող հարցեր
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի վերականգնողական, հաշմանդամության, աջակցող միջոցների և պալիատիվ խնամքի գծով կոորդինատոր Սաթիշ Միշրային:
Քննարկվել են վերականգնողական բուժօգնության կառավարմանը, հասանելիությանը և ապակենտրոնացմանն առնչվող հարցերը` որպես առողջապահության նախարարության կարևոր առաջնահերթություն:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանում վերականգնողական բուժօգնությանը մեծ ուշադրություն է հատկացվել, մասնավորապես` դրանք վերազինվել են, ինչպես նաև ստեղծվել են նոր կենտրոններ:
Խոսելով պատերազմից տուժածների վերականգնողական բուժման կազմակերպումից՝ Նազարյանը նշել է, որ նրանց վերականգնողական առաջնային բուժօգնությունը նախ կազմակերպվել է հանրապետության խոշոր վերականգնողական կենտրոններում, ապա շարունակվել մարզային բուժհաստատություններում: Առաջիկա 2-3 տարում աշխատանքները նույն ինտենսիվությամբ շարունակվելու են:
Սաթիշ Միշրան ընդգծել է, որ այն երկրները, որտեղ առողջապահության նախարարությունն է ղեկավարում վերականգնողական բուժօգնությունը, ծառայություններն աչքի են ընկնում հասնելիությամբ:
Անդրադարձ է եղել նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողների վերականգնողական բուժման կազմակերպմանը, ինչպես նաև COVID-19-ի հետևանքով երկարատև վերականգնողական բուժման կարիք ունեցողներին, որոնք վարակվածների շուրջ 10 %-ն են կազմում:
Սաթիշ Միշրան նշել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները` վերականգնողական բուժման ռազմավարություն մշակելու և ծառայությունները համակարգային առումով զարգացնելու համար:
Արմեն Նազարյանն ու Սաթիշ Միշրան պայմանավորվել են ինտենսիվ աշխատել նաև մասնագետների կարողությունների զարգացման և միջազգային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հարցում: