շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՆ-ն մշակել է բժշկական ապահովագրության համակարգի նախագիծ

ԱՆ-ն մշակել է բժշկական ապահովագրության համակարգի նախագիծ

Հայաստանում ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ հայեցակարգը պատրաստ է ու այն սահմանում է բժշկական այնպիսի փաթեթ, որը ներառում է առողջապահության ոլորտի 90 տոկոս ծառայությունները:

«Պետության կողմից որոշ խմբերի համար ապահովված է պետական ֆինանսավորում բժշկական ծառայություններ ստանալու համար: Բնակչության մի մեծ խմբի համար որևէ ձևով չի երաշխավորվում այդ բժշկական ծառայությունների հասանելիությունը: Բժշկական ծառայություններն անհասանելի են լինում թանկ լինելու պատճառով: Շատ հաճախ բուժառուները վարկեր են վերցնում, պարտք են անում, անշարժ գույք են վաճառում, որ կարողանան բժշկական ծախսերը հոգալ: Ահա այս նոր համակարգով, փորձում ենք բժշկական ծառայությունները հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար»,-ասաց Լենա Նանուշյանը:  

Ըստ նախարարի տեղակալի՝ տնային տնտեսությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հաճախ աղքատանում են առողջապահական ծախսերի պատճառով: Նրանք միջին եկամտային խմբից տեղափոխվում են ավելի ցածր եկամուտ ունեցողների խումբ: Նախարարությունը խնդիր է դրել քաղաքացիների համար ապահովել ֆինանսական պաշտպանվածություն:  

«Թեպետ այսօր պոլիկլինիկական ծառայությունների մի զգալի հատվածն անվճար է, սակայն քաղաքացին, բուժառուն, հասկանալով, թե հետազոտությունների, ախտորոշումների համար ինչ ծախսեր է կատարելու, հետ է կանգնում և չի դիմում բժշկին: Այժմ ապահովագրության համակարգը ներդնելուն ուղղված աշխատանքները նպատակ ունեն լուծել հենց այս խնդիրները»,-ասաց Լենա Նանուշյանը:

Հայեցակարգը փակում է այն հիմնական ծառայությունների ցանկը, որոնք հասանելի կլինեն քաղաքացիներին: Ձևավորել է բժշկական ծառայությունների փաթեթ, որը 90-95 տոկոսով ամբողջ դաշտը փակում է: Լենա Նանուշյանի խոսքով, ծառայություններում ներառված են կանխարգելիչ միջոցառումները, հետազոտությունները, ախտորոշման, փոխպատվաստման  ծառայությունները, բոլոր վիրահատությունները, սիրտանոթային հիվանդությունների բուժումը, վիրահատությունը, օնկոլոգիական մնացած ծառայությունները (խմբ.-ներկայում որոշ ծառայություններ պետությունը ֆինանսավորում է), ատամնաբուժական ծառայությունների մի մասը ևս ներառված է և այլն:    

Կարևորելով ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված քայլերը՝ փորձագետ,  առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը նշեց, որ սահուն անցումն ապահովելու համար շատ կարևոր է հաշվի առնել մի շարք խնդիրներ:

«Մասնավորապես, կարևոր է ապահովել մարդկանց նույնականացումը՝ ունենալով առավել ճշգրիտ տվյալներ: Սա շատ բարդ գործընթաց է, մենք պետք է նույնականացնենք բոլոր այն մարդկանց, որոնք պետք է դառնան շահառու:  Միգուցե նաև այս գործընթացը զուգակցվի ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրի համակարգի ներդրման հետ»,-ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է մյուս խմբերին, որոնք չեն աշխատում, գործազուրկ են, թոշակառուներ են, մասնագետները նշեցին, որ պետությունը այս խմբերին դիտարկում է և քննարկվում են տարբերակներ իրենց համար նույնպես առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով:

Ապահովագրական համակարգի ներդրման պարագայում նախատեսվում է, որ աշխատող քաղաքացիները որոշակի կանխավճար պետք է կատարեն, հետագայում ծառայություններն անվճար ստանալու համար: Նախնական դիտարկումներով ընդհանուր կանխավճարը նախատեսված է 6 տոկոս, որից 3 տոկոսը վճարելու է աշխատող քաղաքացին, 3 տոկոսը՝ գործատուն:

  • Կիսվել: