երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2023 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2023 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

 

Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, Կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ծառայությունների, Երևանի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։

 

Նշվել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ինչպես նաև հանցավորության դինամիկայի միտումները, հանցավորության շարժընթացի մանրամասներ։

Ամփոփվել են 2023 թվականի առաջին կիսամյակում առանձին ծառայությունների գործունեության արդյունքները և կատարված աշխատանքներով գրանցված ցուցանիշները։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը անդրադարձ է կատարել հասարակական կարգի պահպանության և հասարարական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, վեր հանել առկա խնդիրներն ու բացթողումները՝ դրանք վերացնելու ուղղությամբ տալով հստակ հանձնարարականներ։

ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, խարդախությունների, գողությունների և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

 

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ընդգծել է, որ չի կարելի բավարարվել գրանցված արդյունքներով, և անհրաժեշտ է ամբողջ ներուժը կենտրոնացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու վրա։

Քննարկվել են առանձին հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմները, տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

  • Կիսվել: