հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն ամփոփում են ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրվող աջակցության ծրագիրը

ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն ամփոփում են ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրվող աջակցության ծրագիրը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են հանձնել 150 թթվածնի խտացուցիչ սարք` ի աջակցություն COVID-19-ի համավարակի դեմ պայքարին և հիվանդանոցներն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով վերազինման։ Այս մասին հայտնեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակից:

«Թթվածնային թերապիան կարևոր է թթվածնի ցածր մակարդակ ունեցող COVID հիվանդների բուժման համար: Շնորհիվ իրենց շարժունակության և բարձր արդյունավետության՝ թթվածնի խտացուցիչները չափազանց կարևոր են հիվանդանոցներում, որոնք սպասարկում են COVID-19-ի ծանր դեպքեր ունեցող հիվանդներին:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ-ի ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելեցին ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ սարքավորումները ընդունելու համար:

«Շնորհակալ ենք շարունակաբար տրամադրվող աջակցության համար, և բարձր ենք գնահատում COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը: Շատ կարևոր է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրումը, իսկ այս փուլում առավել քան կարևոր են հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես պատվաստման գործընթացը:»,- ասել է Լենա Նանուշյանը և հույս հայտնել, որ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի ցանկալի արդյունքի հասնել:

«Միացյալ Նահանգների կառավարությունը, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, համավարակի հենց սկզբից աջակցել են Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում։ Այսօրվա սարքավորումների հանձնման միջոցառումն այդ գործակցության օրինակներից է։ Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք ՀՀ կառավարության հետ համատեղել մեր ջանքերը և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆինանսական միջոցներ տրամադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային և Հայաստանի Ամերիկյան համալսարանին։ Անցյալ տարվանից մինչև հիմա ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է ավելի քան 11 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս ընդհանուր ֆինանսավորումը ներառում է նաև վերջերս հայտարարած լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարը, որը նախատեսված է պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Գործընկերների հետ համատեղելով ջանքերը` մենք շարունակում ենք տրամադրել բազմակողմանի աջակցություն Հայաստանին` արձագանքելով համավարակին: Մեր ծրագրերը նպատակ ունեն աջակցել առողջապահական համակարգի հզորացմանը, օգնել հիվանդանոցներին տրամադրել համարժեք խնամք հիվանդներին և աջակցել վիրուսի դեմ խիզախորեն պայքարող բուժանձնակազմին», - ավելացրեց ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Թթվածնի խտացուցիչները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում, որն հիմնականում կենտրոնացած է երկու ուղղությունների վրա՝ հիվանդության լաբորատոր ախտորոշում և բուժում։ Ավարտին մոտեցող ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն տրամադրել են թվային 3 շարժական ռենտգենյան սարքավորում, 3 ուլտրաձայնային ապարատներ, որոնք տրամադրվել են են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին՝ օգնելու հարյուրավոր հիվանդների։ Երկրում թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40,000 ՊՇՌ թեստերի համար:

Ընդհանուր առմամբ տրամադրվել են թվով 313,320 պարագաներ, որոնք անհրաժեշտ են ՊՇՌ թեստավորման համար, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետները և այլն, որոնք համաշխարհային շուկայում բավականին սակավ էին՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկի պայմանները։

Բացի կարևոր սարքավորումների ձեռքբերումից, ծրագրի շրջանակում տրամադրվել է տեխնիկական աջակցություն հիվանդացության դեպքերի բուժման և լաբորատոր կարողությունների հզորացման ուղղություններով։ Նման գործողությունները ներառում էին ՊՇՏ թեստավորում իրականացնող բոլոր լաբորատորիաներում որակի արտաքին գնահատման ծրագրի իրականացումը:

ԱՀԿ գործիքների օգտագործմամբ ազգային և ենթազգային ՊՇՌ լաբորատորիաների գնահատում և բարելամանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակում; ազգային լաբորատոր փորձագետների համար սեմինարների կազմակերպում տարբեր հետաքրքրող թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ կենսաանվտանգության պահարանների կառավարումը, SARS COV-2 նոր մտահոգիչ տարբերակների հատնաբերում, նոր լաբորատոր ախտորոշիչ մեթոդների կիրառում և այլն։ COVID-19 հիվանդների բուժումը բարելավելու ուղղությամբ իրականացվել են հակաբիոտիկների ռացիոնալ կիրառմանն ուղղված միջոցառումների մշակում, COVID-19-ի բուժման ուղեցույցների ադապտացում՝ հիմնվելով համաշխարհային փորձի և փոփոխվող ապացուցողական տվյալների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: