Ամիրխանյանը չի ընդունել իր մեղքը նախկին պատգամավորի սպանությանն օժանդակելու հարցում
Ազգությամբ հայր, Ուկրաինայում բիզնես գործունեություն ծավալած Արայիկ Ամիրխանյանը հերքել է իր մասնակցությունը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով քննությանը ծանոթ իր աղբյուրին։
«Մեղքը չի ընդունում», - ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Կիվայի սպանությանը օժանդակելու և զենքի ապօրինի շրջանառության համար։ Ամիրխանյանն այս պահին միակ անձն է, որը նույնականացվել և ձերբակալվել է այս գործով։
Մեկ այլ գործով ամռան սկզբին Մոսկվայի մարզային դատարանը Ամիրխանյանին դատապարտեց վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում և տուգանքի։ Դատարանը պարզել էր, որ նա երկու անգամ գումար է փոխանցել դատական կատարածուին՝ ընկերության հաշիվների վրա դրված արգելանքն օրենքի խախտմամբ վերացնելու համար։ Վերաքննիչ դատարանը օգոստոսի վերջին անփոփոխ թողեց դատավճիռը։
Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի դին հայտնաբերվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Սուպոնեվո գյուղում։ Հարուցվել է քրեական գործ։ Նախնական քննության տվյալներով՝ անհայտ անձը կրակել է Կիվայի վրա Սուպոնեվո գյուղերից մեկի այգում։


