երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) առաջնորդ Հերման եպիսկոպոս Գլեթթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Հանդիպմանը, Հայոց Հայրապետն անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային սպառնալիքներին և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:

Իր հերթին Հերման եպիսկոպոս Գլեթթերը Նորին սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան այցի նպատակն է առավել զորացնելու «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների համագործակցությունը և իրենց զորակցությունն ու համերաշխությունը բերելու հայ ժողովրդին»,- նշվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: