ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր՝ մայիսի 25–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել դեսպանին եւ հաջողություններ մաղթել նրան իր առաքելության մեջ` կարեւորելով երկու պետությունների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է նաեւ Մայր Աթոռի եւ Ճապոնիայի դեսպանության միջեւ ձեւավորված փոխգործակցային հարաբերությունները, մասնավորապես Մայր Աթոռի եւ թեմերի կողմից իրականացվող կրթական տարբեր ծրագրերին եւ մշակութային արժեքների պահպանությանն ու խնամքի աշխատանքներում դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցությունը։

Իր հերթին նորանշանակ դեսպանը հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների կապերն առավել սերտացնելու եւ ամրապնդելու գործում:

Կարեւորելով երկու երկրների միջեւ առկա կապերը՝ դեսպանը նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը պիտի շարունակի մարդասիրական զորակցություն ցուցաբերել Հայաստանին։ Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ դեսպան Մասանորին նշել է, որ ջանքեր պիտի գործադրի երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զորացման եւ մշակութային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ, հատուկ շեշտադրում պիտի կատարվի երիտասարդների շփման ծրագրերին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետեւանքներին եւ առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար կարեւորել է ճշմարտության բարձրաձայնումը նմանօրինակ արհավիրքների կանխման համար՝ ընդգծելով, որ լռությունը կարող է ոճրագործությունների կրկնության պատճառ դառնալ։ Դեսպանը եւս ցավ է արտահայտել այս կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորումն ընդունելի է միայն խաղաղ միջոցներով։

Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել այս դժվարին օրերին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:

  • Կիսվել: