կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամառային սեզոնին ընդառաջ՝ անցկացվել է ջրային պարեկների երկրորդ խմբի լողալու կարողությունների ստուգման փուլը

Ամառային սեզոնին ընդառաջ՝ անցկացվել է ջրային պարեկների երկրորդ խմբի լողալու կարողությունների ստուգման փուլը

Փետրվարի 15-ին անցկացվել է Ջրային պարեկային ծառայություն ընդունելության դիմորդների լողալու կարողությունների մակարդակի ստուգման փուլը, որին մասնակցում էին նախապես հայտագրված պարեկները։

Ընդունելությունն անցկացրել է ՆԳ նախարարության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ներգրավված էին ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ջրային ստորաբաժանումում ծառայությունը շարունակելու պատրաստակամություն էր հայտնել նաև Երևանի պարեկային ծառայությունում մոտ երեք տարվա աշխատանքի փորձ ունեցող Գրետա Նոբելյանը։

Պարեկ դիմորդների դրական արդյունքների արձանագրումը Ջրային ստորաբաժանման շարքերը համալրելու միայն մի փուլն է, որին հաջորդելու են տեսական և գործնական պարապմունքները։ Ստուգումը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցնելու են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։

Ստուգման փուլի ավարտին հանձնաժողովն ամփոփեց արդյունքները, ըստ որի՝ 38 դիմորդ հաջողությամբ հաղթահարել է լողալու կարողությունների մակարդակի ստուգումը: Նրանք կրթահամալիրում ուսումնասիրելու են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցելու են ֆիզիկական և կրակային պարապմունքներ։ Բացի այդ, նավավարման տեխնիկական հմտությունների զարգացման, փրկարարական սարքավորումների առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով, դասընթացներին զուգահեռ, պարեկները ստացած գիտելիքները տեղայնացնելու են Սևանա լճում՝ պարապմունքների ժամանակ։

Ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար միջազգային գործընկերների հետ ընդունելություն-մրցույթների կազմակերպման ուղղությամբ իրականացվել է ծավալուն աշխատանք՝ հիմք ընդունելով միջազգային փորձը, ոլորտային մասնագետների և փորձագետների կարծիքները։

Հիշեցնենք, որ Սևանա լճում Ջրային պարեկային ծառայությունը գործարկվել է 2023 թ. դեկտեմբերի 9-ին:

ՀՀ կառավարության կողմից Ջրային պարեկային ծառայությունը համալրվել էր նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։ Ստորաբաժանման ձևավորման գործում աջակցել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը՝ տրամադրելով նավեր, իսկ ուսումնական գործընթացի և մոդուլների մշակման, այդ թվում՝ Սևանա լճում դասընթացների անցկացման հարցում իրենց պրոֆեսիոնալիզմը ներդրել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ժամանած հրահանգիչները։

Այսօր էլ շարունակվում են ծառայության կադրային համալրման և տեխնիկական հագեցվածության վերազինման աշխատանքները։

  • Կիսվել: