հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ամառային 12 ճամբարից 7-ում սննդամթերքի անվտանգության նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Ամառային 12 ճամբարից 7-ում սննդամթերքի անվտանգության նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Ամփոփվել են Հայաստանի ամառային ճամբարներում իրականացված վերահսկողության արդյունքները. 12-ից 7-ում խախտումներ են հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Ինչպես նախորդիվ ծանուցել էինք, հաշվի առնելով սեզոնային բնույթը և հանրային սննդի ոլորտային ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:

Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:

Վերահսկողություն է իրականացվել 12 ճամբարում, որոնցից 8-ը՝ «Արագած ճամբար», «Լավա-Աղբյուր», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հանքավանի խոտորջուր առողջարան», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊԸ-ները, «Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը և «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամը, Կոտայքի, 2-ը՝ «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ն և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպություն-ը, Լոռու, 2-ը՝ անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանը և «Ռ․ և Գ․» ՍՊԸ-ն, Տավուշի մարզերում:

Պետական վերահսկողության ամփոփ արդյունքները հետևյալն են. խախտումներ չեն հայտնաբերվել 5 տնտեսավարողի մոտ՝ «Արագած ճամբար», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ներում և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպությունում:

Սահմանված իրավական նորմերի անհամապատասխանություններ են արձանագրվել 7 ճամբարում:

«Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում (սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, ապա, դրանց արագ վերացման հիմքով՝ վերաբացվել).

«Հանքավանի խոտորջուր առողջարան» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է).

«Հասմիկ ճամբար» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է).

«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում ճամբարում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայական ձև N 5-ով, որի իրացումն արգելվել և վտանգավոր համարվող արտադրանքը ոչնչացվել է, ինչպես նաև hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է).

«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, ինչպես նաև հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք:

Վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել է անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանին պատկանող ճամբարում (հայտնաբերվել է առանց ուղեկցող փաստաթղթի սննդամթերք, վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել), «Ռ․ և Գ․» ՍՊԸ-ում խոհանոցի երկու աշխատակից չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Խախտումներ թույլ տված տնտեսվարողները ենթարկել են վարչական պատասխանատվության»,- նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: