կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ախալքալաքում երեք նոր զբոսայգի կկառուցվի

Ախալքալաքում երեք նոր զբոսայգի կկառուցվի

Ախալքալաքի 2024 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է նոր զբոսայգիների կառուցում։ Jnews-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ զբոսայգիներ են կառուցվելու և որտե՞ղ։

Ախալքալաքում ընթանում են 2024 թվականի բյուջեի քննարկումները: Վերջնական տարբերակը դեռ չի ընդունվել, Սակրեբուլոն բյուջեն վերադարձրել է քաղաքապետարան՝ լրամշակման, բայց արդեն հայտնի է, որ հաջորդ տարի քաղաքում կհայտնվեն 3 նոր զբոսայգիներ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը պատմեց, թե ինչպիսին և որտեղ են լինելու այս զբոսայգիները։

1. Զբոսայգի Մ. Սարգսյան փողոցում, Գուսան Հավասու հուշարձանին հարող տարածքում՝ նախատեսվում է բարեկարգում և ատրակցիոնների տեղադրում։ 2024 թվականի բյուջեի նախագծում դրա համար հատկացվել է 8000 լարի։

2. Զբոսայգի Թիվ 3 մանկապարտեզի մոտ, այնտեղ՝ մանկապարտեզի շենքի ետևում, նախատեսվում է քանդել կաթսայատան շենքը և դրա տեղում կառուցել զբոսայգի՝ խաղահրապարակով, հնարավոր է՝ նաև վարժասարքերով։ 2024 թվականի բյուջեի նախագծում դրա համար հատկացվել է 150 հազար լարի։

3. Զբոսայգի նախկինում Թիվ 15 զինվորական ավանում, այնտեղ նախատեսվում է զբոսայգու մեծածավալ կառուցապատում, նույն տիպի, ինչպիսին այս տարի Աղմաշենեբելի փողոցում կառուցված զբոսայգին է՝ մինի մարզադաշտով, մարզասարքերով և այլն։ 2024 թվականի բյուջեի նախագծում դրա համար հատկացվել է 300 հազար լարի։

Փամբուխչյանի խոսքով՝ իրենք հույս ունեն, որ 2024 թվականին ավարտին կհասցնեն զբոսայգիների կառուցումը։

«Հույս ունենք, որ կհասցնենք: 300 000 լարիանոց, չգիտեմ, եթե չհասցնեն, կտեղափոխենք հաջորդ տարի, բայց փոքր զբոսայգիներ են, ամենայն հավանականությամբ, կհասցնենք»,- մեկնաբանեց նա։

  • Կիսվել: