ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ակադեմիական քաղաքը էականորեն բեռնաթափելու է Երևանը. Ժաննա Անդրեասյան

Ակադեմիական քաղաքը էականորեն բեռնաթափելու է Երևանը. Ժաննա Անդրեասյան

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ բոլոր քննարկումները միշտ եղել են այնպես, որ պետք է Երևանին մոտ տեղակայված լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում   «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, երևանամերձ տարածքում, որը մի քանի մարզի հատման կետում է, ունենալու են նոր ենթակառուցվածք, որն անպայման բերելու է մարզերի զարգացմանը։ Նախարարի խոսքով, նախատեսվում են տրանսպորտային նոր ենթակառուցվածքների նախագծում:

«Ես գտնում եմ, որ սա էականորեն բեռնաթափելու է քաղաքը, որովհետև մենք շատ մեծ ծավալի գործունեություն տեղափոխելու ենք երևանամերձ տարածք Երևանի կենտրոնում իրականացնելու փոխարեն», - նշեց Անդրեասյանը:

Հարցին՝ ամեն ինչ տեղափոխվում է Երևան, բոլոր երիտասարդներին քաշում, բերում են Երևան, բա մարզերո՞ւմ... , նախարարն արձագանքեց. «Պետք է կարևոր թվա ոչ թե կրթության վայրը, այլ՝ կրթության որակը։ Ակադեմիական քաղաքում կլինեն հանրակացարաններ, որտեղ ուսանողները կկարողանան շատ մատչելի պայմաններով կամ, գուցե, անվճար բնակվել»:

«Պետք է դադարենք մտածել, երբ որ մարդը ստանում է  կրթություն մի վայրում, այլևս չի վերադառնա  իր բնակավայր։ Եթե մեր հայրենասիրության  կոնցեպտը դրա վրա է հիմնված, մենք շատ հեռու չենք  գնա։ Պետք է կարողանանք սերմանել այն միտքը, որ կարևոր է դառնալ լավ մասնագետ, վերադառնալ քո բնակավայր ու օգտագործել քո ստացած գիտելիքն ու հմտությունը։ Կարծում եմ՝ դրան պետք է ուղղված լինի մեր քաղաքականությունը»,- ասաց Անդրեասյանը։

Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերի 30-իդ դրությամբ ունեն կնքված պայմանագրեր.  նախագծման արժեքը  գլխավոր հատակագծի մշակման մասով կազմելու է մինչև 854 հազար 100 եվրո։

Նախարարը հիշեցրեց, որ «Ակադեմիական քաղաքի» տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարակից տարածքը, որն ավելի քան 600 հեկտար է և պահեստային տեղամասը՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը:

«Ընդհանուր առմամբ, շուրջ  700 հեկտարի մասին ենք խոսում, հնարավոր է գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում պարզ դառնա, որ միայն հիմնական տեսամասը բավարար է մեր ամբողջ նախագծվելիք ենթակառուցվածքը ստանալու համար»,- ասաց Ժ.Անդրեասյանը։

Ակադեմիական քաղաքի տարածքը նախատեսվելու է 16 բուհի համար։ Ակադեմիական քաղաքում բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։

Հիշեցնենք` Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր`Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը:

Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։
Ակադեմիական քաղաքում բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։

  • Կիսվել: