կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ակադեմիական քաղաքի շրջանակներում ազգային ստադիոնի առաջարկն արդեն կոնկրետանում է. Անդրեասյան

Ակադեմիական քաղաքի շրջանակներում ազգային ստադիոնի առաջարկն արդեն կոնկրետանում է. Անդրեասյան

Ակադեմիական քաղաքի շրջանակներում ազգային ստադիոնի առաջարկը կա, որն արդեն կոնկրետանում է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ մարզադաշտերի վերաբերյալ հարցին:

«Մենք հույս ունենք, որովհետև կան հետաքրքրված ներդրողներ, որ այս մասով էլ կունենանք էական առաջընթաց, ինչը հնարավորություն կտա մինչև 35 հազար տեղանոց ստադիոն ունենալ և այստեղ նաև հյուրընկալել այն խաղերը, որոնք թույլ են տալու միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել մեր երկրում: 

Ունենք նաև մասնավորի կողմից առաջարկ հավելյալ ստադիոնի մասով, որը նախատեսվում է Վաղարշապատ համայնքում, և այստեղ էլ Կառավարության որոշումը վերջնական փուլում է, և հուսամ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթում կունենանք այս որոշման ընդունումը, ինչը կապահովի առնվազն երեք ժամանակակից ստադիոնների առկայություն մեր երկրում»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է արդեն իսկ մեր ունեցած մարզադաշտերին, ապա Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Հանրապետական մարզադաշտը համապատասխան ընթացակարգերով կառավարվում է ֆեդերացիայի կողմից, դրա հարակից տարածքի հետ կապված քննարկումներ են եղել, կան իրավական գործընթացներ: «Կան առաջարկներ, հուսանք՝ առաջիկայում այս մասով կունենանք որոշակի լուծումներ»,- ասաց նա: 

«Հրազդան» մարզադաշտի հետ կապված ևս որոշակի իրավական գործընթացներ կան, այստեղ նաև սեփականության հարց կա, մասնավորի սեփականություն է մարզադաշտը, իրավական գործընթացների շրջանակներում որոշ քննարկումներ ընթանում են:

«Մենք հուսով ենք, որ «Հրազդան» մարզադաշտի մասով էլ կունենանք այնպիսի լուծում, որը կբերի մարզադաշտի՝ որպես սպորտային ենթակառուցվածքի, լիարժեք օգտագործման: Ստադիոնն ունի վերակառուցման կարիք, նույնիսկ սեփականության հարցերի հստակեցման պարագայում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ ներդրումների անհրաժեշտություն կա: Այս պահին մեր առաջնահերթությունը նոր ենթակառուցվածքների զարգացումն է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

  • Կիսվել: